Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոստովանել է, որ նախկինում ունեցել է բազմաթիվ հոգեբանական խնդիրներ ու դժվարություններ, բայց դրանց մասին երբեք չի բարձրաձայնել:
«Դեռ մանկուց հոգեբանական խնդիրներ եմ ունեցել: Կարիերայիս ընթացքում էլ այդ խնդիրներն ինձ ուղեկցում էին: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ հայրս քննադատում էր ինձ, երբ դեռ պատանի էի: Չգիտեի՝ ինչպես հաղթահարել այդ սթրեսը, բայց չէի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, քանի որ հանրությունը պատրաստ չէր լսել դա:
Քովիդի ժամանակ մարզում էի «Մոնրեալը», ես գրեթե 1 տարի չտեսա ընտանիքիս, երեխաներիս: Ես ամեն օր արտասվում էի, անդադար միայնակ քայլում էի փողոցում, արցունքները գալիս էին անկախ իմ կամքից: Մեծ դժվարություններ եմ ունեցել», - ֆրանսիացու խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 46-ամյա Անրին այժմ գլխավորում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը: