Կար ժամանակ, երբ Հայաստանի հավաքականի արտագնա խաղի արդյունքն իմանալու համար պետք էր սպասել լուրերի թողարկմանը, իսկ եթե այն ուշ ժամի էր, համբերել մինչև առավոտ, որպեսզի թերթերից կամ հեռուստացույցով իմանալ, թե ինչպես է խաղացել ազգային թիմը: Հետո մի քանի տողով կարդալ հանդիպման ընթացքի մասին ու մտովի պատկերացնել՝ ինչպես են խփվել գոլերը: Դրանից հետո մնում էր հուսալ, որ մոտ օրերին, հնարավոր է, հեռուստաալիքներից մեկով կցուցադրվեն խաղի գոլերը, իսկ ամբողջական հանդիպման ականատես լինելն ընդհանրապես բաղձալի երազանք էր: Օրինակ, Մակեդոնիայի հավաքականի նկատամբ պատմական հաղթանակի մասին հայ ֆուտբոլասերները տեղեկացան «Լրաբերից», որից հետո տեսագրությամբ էլ ցուցադրվեց հանդիպումը:
Իսկ Ուկրաինայի հավաքականի հետ 1997 թվականին կայացած խաղը Հայաստան հասավ խաղից օրեր անց՝ Սուրեն Բաղդասարյանի և Սլավա Սարգսյանի համատեղ մեկնաբանությամբ, երբ արդյունքի մասին արդեն վաղուց հայտնել էին լուրերով:
«Դինամո» - «Արարատ»
Ուկրաինական և հայկական մամուլը խաղը ներկայացնում էին խորհրդային լեգենդար «Դինամո Կիև» - «Արարատ» դիմակայության տեսանկյունից: Իհարկե, հիշում էին 1973-ի գավաթի լեգենդար եզրափակիչը, Իշտոյանի դուբլը, իսկ ուկրաինական թերթերից մեկը հիշել էր 1969-ի ոչ պակաս ինտրիգային խաղը, որի ժամանակ մաթեմատիկական բարդ հաշվարկներ էին ընթանում: Բանն այն է, որ այդ ժամանակ թիմերը առաջնությունում բաժանված էին «Ա» ու «Բ» խմբերի, երկու շրջանից հետո խմբերի լավագույն 7 թիմերը միավորվում էին և շարունակում պայքարը մեդալների համար: Միավորումից հետո հետնապահների հետ խաղերում վաստակած միավորները զրոյանում էին: «Դինամոն» առաջատարների մեջ էր, իսկ «Արարատն» ու Բաքվի «Նեֆթչին» պայքարում էին լավագույն յոթնյակ մտնելու համար: «Նեֆթչին» զուգահեռաբար խաղում էր Մոսկվայի «Դինամոյի» հետ: Եթե բաքվեցիները պարտվեին Մոսկվայում, «Արարատը» կմնար յոթնյակում, ու կիևցիների համար լավ կլիներ հաղթել «Արարատին», այդ դեպքում երևանյան ակումբից վաստակած 6 միավորը կմնար, իսկ «Նեֆթչիի» հետ կիևցիները քիչ միավորներ էին վաստակել, և նրանց ձեռնտու էր, որ դուրս մնան բաքվեցիները: Առաջին կեսում «Դինամոն» հաշվի մեջ առաջ անցավ: Ընդմիջմանը հայտնի դարձավ, որ Մոսկվայում խաղը ոչ-ոքի է ավարտվել, «Նեֆթչին» միավոր է վաստակել ու առաջ է անցել «Արարատից»: Հիմա արդեն կիևցիների համար ավելի լավ կլիներ, եթե «Արարատի» հետ խաղն ավարտվեր ոչ-ոքի: Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում Կիևի մարզադաշտն ակտիվորեն աջակցում էր «Արարատին» և սուլում սեփական թիմի ֆուտբոլիստներին: Դինամոյականները «հանկարծակի» սկսեցին շատ սխալվել փոխանցումներ կատարելիս, իսկ խաղի վերջում «Արարատը» հավասարեցրեց հաշիվը՝ ուրախացնելով «Դինամոյի» երկրպագուներին: Նման բան «Օլիմպիական» ստադիոնը չէր տեսել ոչ դրանից առաջ, ոչ հետո:
«Դինամո» - «Արարատ» դիմակայության պատմական ակնարկների առկայությունը խաղից առաջ միանգամայն տրամաբանական էր: Երկար տարիներ այդ թիմերն ուկրաինական և հայկական ֆուտբոլի դրոշակակիրներն էին, և նրանց հանդիպումները, ըստ էության, Ուկրաինա – Հայաստան ֆուտբոլային դիմակայություն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին դեպքն էր, երբ Ուկրաինայի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները հանդիպելու էին միմյանց խաղադաշտում: Այդ պահին ոչ ոք չգիտեր, որ վիճակահանությունը երկու հավաքականներին հաջորդ 7 տարիների ընթացքում ևս 7 անգամ միմյանց դեմ խաղադաշտ է դուրս բերելու…
Եթե Ուկրաինայի հավաքականի պարագայում Կիևի «Դինամոյի» հետ համեմատությունը միանգամայն տեղին էր, քանի որ Յոժեֆ Սաբոյի թիմի կորիզը Լոբանովսկու արագ զարգացող «Դինամոն» էր, ապա Հայաստանի հավաքականի պարագայում «Արարատի» հետ համեմատության եզրեր չկային: Երկրի չեմպիոնը և առաջատարը «Փյունիկն» էր, իսկ ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ էր տանում ազգային թիմ հրավիրելու լեգեոնականների, ովքեր կարող էին ուժեղացնել հավաքականը: Այդպես, շրջափուլի սկզբում Հայաստանի հավաքականում հայտնվեց Միշել Տեր-Զաքարյանը՝ Ֆրանսիայից, իսկ շրջափուլի ընթացքում՝ Էրիկ Ասադուրյանը (ֆրանսիական ֆուտբոլի ևս մեկ սան), Ալբերտ Սարգսյանը, Գառնիկ Ավալյանը, Կարապետ Միքայելյանը, որոնք ռուսական ֆուտբոլի սաներ էին: Աշխատանքներ էին տարվում ևս մի քանի ֆուտբոլիստների հրավիրելու ուղղությամբ: Ֆրանսիայում խաղում էր Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսելո Կիրամիջյանը, Արգենտինայից հրավիրել էին «Սան Լորենցոյի» սան Մանուել Ավետիսյանին, որը չէր ժամանել ընտանեկան պատճառներով, ԱՄՆ-ում թիմին միացել էր Հարություն Կարապետյանը, բայց եվրոպական խաղերին նա չէր հրավիրվում: Խաղից առաջ նույնիսկ հնչեղ վերնագիր դուրս եկավ. «Ջորկաեֆը խաղալու է Հայաստանի հավաքականում»: Ճիշտ է, խոսքը ամենևին էլ Յուրիի մասին չէր, այլ նրա եղբոր` Միշայի, որն ընդգրկված էր «Կանում»:
Ուկրանիայում չէին կասկածում իրենց թիմի հաղթանակին, թեև հաշված օրեր առաջ ցավոտ հարված էին ստացել Բրեմենում: Մինչև Գերմանիայի հավաքականի հետ խաղն ուկրաինացիներն առաջատար էին խմբում: Նոր ձևավորված հավաքականն արագ էր զարգանում հիմնականում Վալերի Լոբանովսկու շնորհիվ: Նրա «Դինամոյում» մեկը մյուսի հետևից հայտնվում էին տաղանդներ, որոնք դեռ մեծ աղմուկ պետք է բարձրացնեին եվրոպական ֆուտբոլում: Ուկրաինայի հավաքականը, ըստ էության, նույն Կիևի «Դինամոն» էր՝ առանց բելառուսներ Խացկևիչի և Բելկևիչի: Այն, որ հայերը պարտված են հեռանալու Կիևից, կասկած չէր հարուցում: Ուկրաինացի ֆուտբոլասերներին նույնիսկ չէր հետաքրքրում այն, որ Հայաստանի հավաքականն իր ենթախմբում ընդամենը մեկ պարտություն ուներ (Գերմանիայից), իսկ ուկրաինացիները՝ 2: Ճիշտ է, հաղթանակներ էլ չկային… Հայաստանի հավաքականը Կիև էր ժամանել՝ իր ակտիվում ունենալով 4 ոչ-ոքի, տանը՝ Պորտուգալիայի և Հյուսիսային Իռլանդիայի, դուրսը՝ Ալբանիայի և նույն Հյուսիսային Իռլանդիայի հետ: Ընդ որում, Բելֆաստում հայկական թիմը մոտ էր հաղթանակին Ասադուրյանի խփած գոլի շնորհիվ, ու նաև լավ տեսք ուներ, բայց բաց թողեց 3 միավոր վաստակելու հնարավորությունը:
Ուկրաինացի ֆուտբոլասերների վստահությունն ամրապնդվել էր նախօրեին կայացած երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ: Ուկրաինայի երիտասարդները 7-0 հաշվով ջախջախել էին Հայաստանի հասակակիցներին: Նման խայտառակ հաշիվ հայ-ուկրաինական դիմակայությունում ընդամենը մեկ անգամ էր եղել՝ 1987-ին («Դինամո» - «Արարատ» խաղում): Ընդ որում, Հայաստանի երիտասարդական հավաքականում էին ելույթ ունենում Դոխոյան եղբայրները, Ռաֆայել Նազարյանը, Արթուր Ոսկանյանը, Տիգրան Եսայանը: Նազարյանն ու Եսայանն արդեն ազգային հավաքականի խաղացողներ էին, Կարեն Դոխոյանն ու Արթուր Ոսկանյանը թակում էին հավաքականի դռները: Ուկրաինան պատրաստվում էր մայիսյան տոներին, և դրան ընդառաջ նույնիսկ ֆուտբոլից ամենահեռու մարդիկ ուզում էին մասնակցել տոների առաջին հաղթանակին: Դեպի Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ շարժվող բազմությանը չվախեցրեց ոչ կուտակված ամպերի գորշ ստվերը, ոչ էլ տոմսերի բարձր գինը: Ուկրաինայի հավաքականը հաղթանակի դեպքում կամրապնդեր դիրքերը երկրորդ տեղի համար պայքարում, և բոլորն ուզում էին մարզադաշտից տեսնել այդ հաղթանակը… Ֆուտբոլասերների մեծ բանակը հորդառատ անձրևի ներքո շարժվեց դեպի «Օլիմպիական» մարզադաշտ: Անձրևը դադարեց խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ, սակայն իր հետքը թողեց խոտածածկի վրա: Այն դարձավ ծանր, կպչուն, իսկ դարպասային հրապարակների առջև՝ ցեխոտ:
Խոսակցությունները խաղից առաջ, իսկապես, շատ էին: Արևմուտքից շշուկներ էին գալիս, որ Հայաստանի հավաքականը «տալու» է խաղը, քանի որ նրանց ոչինչ պետք չէ, ոչնչի համար չի պայքարում, իսկ «եղբայրական» Ուկրաինան միավորների կարիք ունի: Դրանում նույնիսկ հենց իրենք՝ ուկրաինացիներին էին վստահ. «Հայերը միավորները կնվիրեն»: Միգուցե հենց այդ պատճառով խաղից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հավաքվեցին և երդվեցին միմյանց, որ ամեն ինչ անելու են խաղից պատվով դուրս գալու համար:
Գերմանիայի հավաքականի հետ խաղի համեմատ Սաբոն երեք փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Չկային պաշտպաններ Բեժենարն ու Սկրիպնիկը, ինչպես նաև կիսապաշտպան Միխայլովը: Դրա արդյունքում դինամոյականների թիվն ուկրաինացիների մեկնարկային կազմում Հայաստանի հավաքականի հետ խաղում հասավ ռեկորդային 10-ի: Դարպասը պաշտպանում էր Շովկովսկին, պաշտպանության եզրերում գործում էին Լուժնին և Դմիտրուլինը, կենտրոնում խաղում էին Վաշչուկն ու Գոլովկոն (մեկ օր առաջ մեկ խաղակես էր անցկացրել երիտասարդական հավաքականների խաղում): Դաշտի կենտրոնը հսկում էին Կալիտվինցևն ու Միխայլենկոն, եզրերում Կոսովսկին ու Ռեբրովն էին, իսկ հարձակման գծում Շևչենկոյի հետ զույգ էր կազմել մեկնարկային կազմի միակ ոչ դինամոյականը՝ Նագորնյակը «Դնեպրից»: Շատ էր քննարկվում առաջնության լավագույն ռմբարկու Սերգեյ Ռեբրովին «հետ քաշելու» Սաբոյի որոշումը: Գերմանիայի հետ խաղից հետո մարզիչը որոշել էր Նագորնյակին կիսապաշտպանությունից հարձակում տանել, այդ պարագայում Ռեբրովը նահանջել էր կիսապաշտպանություն, ինչը տարակուսանք էր առաջացնում մասնագետների մոտ:
Հայաստանի հավաքականը լուրջ կորուստ ուներ. Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում ստացած դեղին քարտի պատճառով որակազրկվել էր թիմի ավագ, պաշտպան Վարդան Խաչատրյանը: Չկար Սարգիս Հովհաննիսյանը, վնասվածք ուներ Արամայիս Տոնոյանը: Հերթական անգամ այս շրջափուլի ընթացքում բացակայում էր Արմեն Շահգելդյանը: Վնասվածք ուներ նաև Ռազմիկ Գրիգորյանը։ Դարպասում տեղ էր զբաղեցրել Ռոման Բերեզովսկին, որը շրջափուլի ընթացքում ամրապդնվել էր առաջին համարի դիրքում: Պաշտպանությունում Խաչատրյանին փոխարինել էր Գյումրիի «Շիրակի» պաշտպան Ֆելիքս Խոջոյանը, որը գնացել էր ձախ եզր, աջից խաղում էր Երվանդ Սուքիասյանը: Վերջինս, Խաչատրյանի բացակայությամբ, առաջին անգամ կարիերայում Հայաստանի հավաքականին դաշտ դուրս բերեց ավագ թևկապով: Խորհրդանշական էր, որ դա տեղի ունեցավ հենց Կիևում՝ «Դինամոյի» մարզադաշտում, որտեղ Սուքիասյանը հանդես էր գալիս ԽՍՀՄ փլուզումից հետո: Կենտրոնում խաղում էին Հարություն Վարդանյանը, Միշել Տեր-Զաքարյանն ու Սարգիս Հովսեփյանը: Միջին գծում դաշտ էին դուրս եկել շրջափուլում հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից երկուսը՝ Համլետ Մխիթարյանը և Արթուր Պետրոսյանը: Ալբերտ Սարգսյանը ենթահարձակվողի դիրքում փոխարինել էր Գառնիկ Ավալյանին, որն այս անգամ մնացել էր պահեստայինների նստարանին: Ընդ որում, Սարգսյանի մասնակցությունը խաղին հարցականի տակ էր: Նրա թիմը՝ Նալչիկի «Սպարտակը», պայքարում էր Ռուսաստանի Բարձրագույն խումբ դուրս գալու համար և այդ օրերին կարևոր հանդիպումներ ուներ: Ակումբը խնդրել էր ՀՖՖ-ին ընդառաջել և չհրավիրել իր ֆուտբոլիստին, սակայն, ի վերջո, Սարգսյանը միացավ հավաքականին: Հարձակողական զույգը ևս կազմել էին ֆուտբոլիստներ, որոնք այս շրջափուլի ընթացքում էին միացել հավաքականին՝ ֆրանսիական «Գենգամի» ներկայացուցիչ Էրիկ Ասադուրյանը՝ ավելի հետ քաշված ու կորեական «Յուկոնգի» հարձակվող Կարապետ Միքայելյանը՝ հարձակման սուր ծայրում:
Նամակ «ռուսական ցարին» ու ՀՖՖ մամուլի քարտուղարին
Հարություն Վարդանյանը Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին: Պաշտպանության առջևում դաշտ էր դուրս եկել Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արամայիս Եպիսկոպոսյանը, որը կազմակերպում էր թիմի խաղը կենտրոնում: Երևանի «Արարատի» սանը ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատվել էր Ռուսաստանում՝ դառնալով «Չեռնոմորեցի» առաջատարներից մեկը: Խորեն Հովհաննիսյանը Եպիսկոպոսյանին հրավիրել էր նաև Ուկրաինայի հավաքականի հետ խաղին, սակայն հրավերից հետո ֆուտբոլիստից ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Պավել Խաչատրյանի անունով նամակ եկավ ֆեդերացիա՝ խնդրանքով, որ իրեն այլևս չհրավիրեն հավաքական: Ընդ որում, նամակն ուղարկվել էր նաև Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովին: Եպիսկոպոսյանը հիմնավորում էր իր խնդրանքը նրանով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» սան ու նույն ակումբի ֆուտբոլիստ, և մտադիր է ելույթ ունենալ միայն այդ ակումբում, կատարելագործել վարպետությունն ու օգնել թիմին լավ հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում: Այդպես, Հյուսիսային Իռլանդիայի հետ կայացած հանդիպումը մնաց միակը Եպիսկոպոսյանի համար հավաքականում: Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը հայտարարեց, որ զղջում է իր այդ քայլի համար։ Նրա փոխարեն Հովհաննիսյանը որոշեց դաշտ դուրս բերել արդեն բավական փորձառու Վարդանյանին, որը, թեև կենտրոնական պաշտպան էր, սակայն լավ առաջին փոխանցման շնորհիվ կարողանում էր խաղալ պաշտպանության առջևում: Խոջոյանի, Վարդանյանի և Պետրոսյանի մեկնարկային կազմում հայտնվելու շնորհիվ այս խաղում գյումրեցիների քանակը հավաքականում գերազանցեց փյունիկցիներին:
Բլիցկրիգ
Խաղի մեկնարկը միայն ամրապնդեց ուկրաինացի երկրպագուների դրական սպասելիքները: 6-րդ րոպեին երիտասարդ Դմիտրուլինն աջից ճեղքեց պաշտպանությունը, գնդակը ներքևով ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Անդրեյ Շևչենկոն բոլորից առաջ անցավ ու գնդակն ուղարկեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը: «Վերջապես Շևչենկոն խփեց», այսպիսին էր ուկրաինացի լրագրողների արձագանքը, որոնք շատ էին քննադատում երիտասարդ հարձակվողին պահերը կորցնելու համար: Դաշտի տերերը մտադիր չէին տեմպը նվազեցնել, իսկ Հայաստանի հավաքականը պաշտպանությունից չէր կարողանում դուրս գալ: Կոսովսկին ու Նագորնյակը փոխանցում էին եզրից, Շևչենկոյի ուղղությամբ անընդհատ գնդակներ էին գալիս, և Հայաստանի հավաքականի պաշտպանությունը դժվարությամբ էր դիմանում՝ փորձելով հարմարվել դաշտի տերերի վտանգավոր հարձակվողների խաղին: 15-րդ րոպեին Նագորնյակն աջից ներխուժեց տուգանային հրապարակ, հետևում թողեց պաշտպաններին, սակայն լավ դիրքից հարվածելու փոխարեն գնդակը փոխանցեց հետ՝ Ռեբրովին, որը բարձր հարվածեց:
Մինչև 35-րդ րոպեն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները զբաղված էին պաշտպանողական գործողություններով: Վտանգավոր հարվածներ կատարեցին Նագորնյակը, Ռեբրովն ու Շևչենկոն: Ակտիվ էր ուկրաինացիների աջ թևը, իսկ ձախում Սուքիասյանը կարողացել էր վնասազերծել Կոսովսկուն, վերջինիս մոտ չէին ստացվում «ֆիրմային» անցումները: Առջևում շատ բան չէր ստացվում: Ասադուրյանը ստիպված էր տեղափոխվել եզր, փորձում էր համագործակցել Միքայելյանի հետ, մեկ դրվագում այս երկուսը իրար հետ կարճ փոխանցումներով փորձեցին անցնել ամբողջ պաշտպանությունը, սակայն վերջին փոխանցումը չափազանց երկար ստացվեց: Ուկրաինացիներին խփած գոլը լրացուցիչ վստահություն էր հաղորդել. առջևի գծում նրանք վտանգավոր էին, բայց գոլային պահերի իրացմանը «պիժոնավարի» էին մոտենում: Նագորնյակը փորձեց շրջադարձ հարվածով զարմացնել՝ անկյունային: Ռեբրովը 10 մետրից բարձր հարվածեց: Լուժնին գնդակով հասավ անկյունայինի դրոշակի մոտ, բայց փոխանցմանը չէին կարող հասնել ո՛չ Շևչենկոն, ո՛չ Նագորնյակը: Վտանգավոր էր Շևչենկոյի՝ շուրջ 22 մետրից կատարած հարվածը, որը ևս շեղ էր:
Աստիճանաբար Հայաստանի հավաքականի պաշտպանները հարմարվում էին դաշտի տերերի վտանգավոր հարձակվողների միօրինակ գործողություններին, և իրենք անցնում գրոհների: 35-րդ րոպեին Միքայելյանը որոշեց հեռվից հարվածել: Շովկովսկին պատրաստ չէր, նա ծնկեց դարպասային հրապարակում առաջացած ցեխի պատճառով, սակայն, իր համար բարեբախտաբար, գնդակն անցավ դարպասաձողի վրայով: Երկու րոպե անց նույն Միքայելյանն օգտվեց Գոլովկոյի և Վաշչուկի անհամաձայնեցված գործողություններից և քիչ էր մնում մեն-մենակ մնար դարպասապահի դեմ, սակայն Գոլովկոն հասցրեց կոշտ պայքարի մեջ մտնել ու գցել հարձակվողին տուգանային հրապարակում: «Օլիմպիականը» սառեց, բաց բուլղարացի մրցավար Աթանաս Ուզունովը թափահարեց ձեռքերը. 11-մետրանոց չկա: Խաղակեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստները կարողացան վերցնել գնդակը, թեև վտանգավոր պահեր չեղան: Անհաջող մեկնարկից հետո Հայաստանի հավաքականը կարողացավ թույլ չտալ դաշտի տերերին լուծել հանդիպման հաղթողի հարցը: Թեև ուկրաինացի մասնագետների ու ֆուտբոլասերների վստահության վրա դա չանդրադարձավ: Նրանք վստահ էին, որ խաղի ելքը վճռված է, պարզապես ապահովության համար ևս մեկ գոլ է հարկավոր:
Բերեզովսկու բենեֆիսը
Ու երկրորդ կեսի առաջին րոպեին դա կարող էր իրականություն դառնալ: Մինչ Հայաստանի հավաքականի պաշտպանները «դաշտ էին դուրս գալիս», Շևչենկոն, խորքից ստանալով փոխանցումը, օգտվեց Տեր-Զաքարյանի սայթաքումից և շարժվեց դեպի դարպասը: Բերեզովսկին դուրս եկավ 11-մետրանոցի նշակետի մոտ, Շևչենկոն կարող էր փորձել դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել ցանցը, բայց որոշեց ներքևով հարվածել: Ռոմանը գերազանց ցատկով գնդակը հանեց անկյունային: Ուկրաինացիները շարունակում էին խաղը կառուցել կենտրոնով՝ Շևչենկոյի ուղղությամբ կատարված փոխանցումներով: Հաջորդ 8 րոպեների ընթացքում Շևչենկո – Բերեզովսկի դիմակայությունը դարձավ հանդիպման առանցքը: Նախ, ուկրաինացի հարձակվողը, առանց գնդակը մշակելու, կրկնով այն ուղարկեց դեպի դարպասը՝ ուղիղ Ռոմանի ձեռքերի մեջ: Քիչ անց պաշտպանները նորից կենտրոնով բաց թողեցին երիտասարդ հարձակվողին, այս անգամ Բերեզովսկին գնդակը հետ մղեց ոտքով, իսկ Վարդանյանը գլխով հանեց այն դիմային գծից դուրս: 55-րդ րոպեին «Օլիմպիականը» հերթական անգամ թնդաց. դաշտի տերերը տուգանայինի հնարավորություն են ստանում, դարպասից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ ուղիղ կենտրոնով: Կալիտվինցևը հարվածում է, Բերեզովսկին անզոր է, բայց գնդակը հանդիպում է դարպասաձողին ու հեռանում դաշտի սահմաններից:
60-րդ րոպեին Խորեն Հովհաննիսյանը որոշում է առաջին փոխարինումը կատարել: Համլետ Մխիթարյանը լավագույն հանդիպումը չէր անցկացնում, նրա փոխարեն դաշտ է դուրս գալիս «Կռիլյա Սովետովի» հարձակվող Գառնիկ Ավալյանը: Ասադուրյանը վերջնական տեղափոխվում է աջ եզր, Պետրոսյանն ավելի է մոտենում հարձակմանը: 63-րդ րոպեին Շևչենկոն հերթական անգամ նետվեց դեպի դարպասը, Բերեզովսկին դիմավորեց և վերցրեց հարձակվողի առաջ թողած գնդակը: Շևչենկոն ընդհարվեց Բերեզովսկու հետ ու հարվածեց դարպասապահի ձեռքերին: Թիմակիցներն անմիջապես նետվեցին պաշտպանելու դարպասապահին: Թեթև ընդհարումից հետո կողմերը բաժանվեցին: 4 րոպե անց Սաբոն որոշեց առաջին փոփոխությունը կատարել: Նագորնյակին փոխարինեց «Շախտյորի» եզրային կիսապաշտպան Օրբուն, Ռեբրովը տեղափոխվեց երկրորդ հարձակվողի դիրք: Դրանից մեկ րոպե առաջ լավ հնարավորություն էր բաց թողել Վաշչուկը:
Պետրոսյանի պատասխանը Շևչենկոյին
Հովհաննիսյանի երկրորդ փոխարինումը 69-րդ րոպեին նորից ուղղված էր հարձակման ուժեղացմանը: Արդեն բավականին հոգնած Միքայելյանին փոխարինեց Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը: Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում սպասում էր իր հնարավորությանը՝ կարծես հասկանալով, որ նման խաղում փրկվելու միակ շանսը հազվադեպ ընձեռնված հնարավորությունն օգտագործելն էր: Մնում էր, որ այդ հնարավորությունը լիներ: Միևնույն ժամանակ, ուկրաինացիների գործողություններում որոշակի նյարդայնություն կար: Նրանք մեծ առավելություն ունեին, բայց չէին կարողանում երկրորդ գոլը խփել, հասկանում էին, որ մեկ սխալը կարող է ճակատագրական լինել: Եվ, աստիճանաբար, դա զգալ էր տալիս: Կոսովսկին «հաջողացրեց» մրցակցի կիսադաշտից այնքան անհաջող հետ ուղարկել գնդակը, որ անկյունային բերեց սեփական դարպասին:
75-րդ րոպեին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր եզակի հակագրոհներից մեկը: Հարձակման աջ թևում դաշտի տերերն անփույթ գործեցին՝ կորցնելով գնդակը: Էրիկ Ասադուրյանն առաջ շարժվեց ու գնդակը կախեց տուգանային հրապարակի վրա: Շովկովսկին դուրս եկավ տեղից, բայց ուկրաինացի պաշտպանը, մտնելով պայքարի մեջ Ավետիսյանի հետ, գնդակն անզգուշորեն ուղարկեց տուգանային հրապարակի ձախ անկյուն, որտեղ միայնակ էր Արթուր Պետրոսյանը: Շովկովսկին կանգնեց Պետրոսյանի դիմաց՝ ցանկանալով կրճատել հարվածի տարածությունը, պաշտպաններից մեկն էլ նետվեց դատարկ դարպասի մոտ՝ փորձելով փակել բաց հատվածը: Գյումրեցի ֆուտբոլիստին պետք էր արագ կողմնորոշվել և գտնել դարպասը գրավելու ամենաճիշտ հարվածը: Արթուրն ամեն ինչ կատարեց ոսկերչական ճշգրտությամբ՝ գնդակը պտտեցնելով դարպասի հեռավոր անկյունն այնպես, որ դրա ճանապարհին չկարողանան կանգնել ո՛չ Շովկովսկին, ո՛չ պաշտպանը: «Օլիմպիական» մարզադաշտը լռեց, լսվում էր միայն հայ ֆուտբոլիստների ուրախ բացականչությունները պահեստայինների նստարանի մոտից:
Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը նետվեցին վերջին շտուրմի, բայց շտապողականությունը սկզբնական փուլում շատ էր խանգարում: Սաբոն արագորեն ևս երկու փոխարինում է կատարեց. դինամոյականներ Կալիտվինցևին ու Ռեբրովին փոխարինեցին «հանքափորներ» Կրիվենցովն ու Զուբովը: Վերջինս նախօրեին կայացած երիտասարդական հավաքականների խաղի հերոսներից էր, դաշտում անցկացրած 60 րոպեների ընթացքում հասցրել էր ոչ միայն 2 գոլային փոխանցում կատարել, այլև «չարչարել» հայ երիտասարդ պաշտպաններին ու կիսապաշտպաններին: 10 րոպե խաղաժամանակում Զուբովը հասցրեց հիմնական կազմի ֆուտբոլիստներից ավելին անել: 85-րդ րոպեին նրա ուժեղ հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո դուրս եկավ անկյունային։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի վերջին փոխարինումն ավելի շատ ժամանակ շահելու համար էր: Հեռավոր եզրային գծի մոտ գտնվող Ասադուրյանը խաղադաշտում իր տեղը զիջեց երիտասարդական հավաքականի հարձակվող Տիգրան Եսայանին: Մրցավարի ավելացրած ժամանակում ուկրաինացիները ևս երկու հնարավորություն ունեցան: Վաշչուկի գլխի հարվածը աննշան շեղ ստացվեց, իսկ գերակտիվ Զուբովի հարվածը վերցրեց Բերեզովսկին. գնդակն ապահով ձեռքերում էր, Հայաստանի հավաքականը պահպանեց ոչ-ոքի արդյունքը:
Խաղից հետո
Սաբոն հետխաղյա մամուլի ասուլիսին չներկայացավ: Դա վերջին դեպքը չէր, երբ ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո շատ նյարդային էր: Երկու տարի անց Երևանում կայացած խաղում նրա թիմը ևս երկու շատ կարևոր միավոր կորցրեց, այդ հանդիպումից հետո Սաբոն բողոքում էր, որ Հայաստանի հավաքականը հատուկ միայն ուկրաինացիների ճանապարհին է կանգնում: Իսկապես, կորցրած երկու միավորը շատ թանկարժեք էր դաշտի տերերի համար: Հաղթելու դեպքում նրանք 15 միավոր կունենային և 4 միավորով կպոկվեին Գերմանիայից, որը, ճիշտ է, երկու խաղ պակաս էր անցկացրել: Ու թեև կորցրած միավորներով Եվրոպայի չեմպիոններն առաջ էին, բայց Կիևում կայանալիք հանդիպմանն ուկրաինացիները կարող էին մոտենալ ավելի շահեկան դիրքում ու խաղալ ոչ-ոքիի համար: Մինչդեռ հունիսի 7-ին ուկրաինացիները դաշտ դուրս եկան Գերմանիայի դեմ՝ վերջին ճակատամարտի ու չկարողացան դիմակայել: Բացի այդ, պորտուգալացիներն էլ մոտ էին, և ցանկացած սայթաքում կարող էր բերել նրան, որ Լուիշ Ֆիգուն և թիմակիցներն էլ կարող էին շրջանցել Սաբոյի թիմին: Չի կարելի ասել, որ Հայաստանի հավաքականի հետ երկու միավորի կորուստը ճակատագրական եղավ ուկրաինացիների համար, բայց նաև փաստ է, որ շատ խանգարեց հոգեբանական առումով:
Ի վերջո, խմբի հանգուցալուծումը եղավ Գերմանիա – Պորտուգալիա խաղում, ոչ-ոքի արդյունքը առաջին տեղն ապահովեց գերմանացիների համար, իսկ պորտուգալացիների հնարավորությունների վրա խաչ քաշեց: Երկրորդ տեղը պահպանելու համար ուկրաինացիներին անհրաժեշտ էր վերջին տուրում հաղթել Երևանում, և Սաբոյի թիմն այդ խնդիրը հեշտությամբ լուծեց՝ Շևչենկոյի ու Մաքսիմովի գոլերի շնորհիվ: Ուկրաինան դուրս եկավ անցումային խաղերի, որտեղ պարտվեց Խորվաթիային: Ու չնայած Հայաստանում Ուկրաինայի հավաքականը հեշտ հաղթանակ տարավ, բայց Երևանում ստացած դեղին քարտերի պատճառով անցումային առաջին խաղը բաց թողեցին հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ Շևչնեկոն, Կալիտվինցևն ու Դմիտրուլինը: Իսկ Ուկրաինա - Հայաստան, Պետրոսյան - Շևչենկո դիմակայությունները հետագա տարիներին բազմաթիվ անգամ կրկնվեցին՝ տարբեր սցենարնեով, և դրանց դեռ անդրադառնալու առիթներ կլինեն: Թեև 1997-ին այդ մասին ոչ ոք չգիտեր…
Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Հայաստանի հավաքականը մեկ խաղակեսով դարձավ մոլորակի ուժեղագույն թիմը
Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Հայաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը պաշտոնական խաղում