Logo

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Հայաստանի հավաքականը մեկ խաղակեսով դարձավ մոլորակի ուժեղագույն թիմը

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
10:35 / 09.11.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Չեմպիոն մրցակիցների պակաս Հայաստանի նորաստեղծ հավաքականը չուներ: Եվրո-96-ի ընտրական փուլում 1996-ին Երևան ժամանեց Եվրոպայի գործող չեմպիոն Դանիայի հավաքականը: Հաջորդ շրջափուլում «Հրազդանը» հյուրընկալեց արդեն Եվրոպայի նորընծա չեմպիոններին: Ու երբ Կարապետ Միքայելյանը 0-5 հաշվի ժամանակ խաղի վերջնամասում գրավեց Անդրեաս Կյոպկեի դարպասը, բազմահազարանոց ստադիոնը ցնծաց այնպես, կարծես Հայաստանի հավաքականը հաղթական գոլ էր խփել: Նման թիմերի դարպասը խփած նույնիսկ մեկ գոլն այնպիսի մեծ հրճվանք էր պարգևում այն ժամանակ (հասկանալի պատճառներով), որ այդ պահերը տպվում էին հիշողության մեջ հավերժ:

Վիճակահանությունը հերթական անգամ «բարեհաճ» էր գտնվել Հայաստանի հավաքականի համար: ԱԱ-2000-ի ընտրական փուլում Երևան պետք է ժամաներ աշխարհի նորընծա չեմպիոնը՝ Ֆրանսիայի հավաքականը, որը մեկ տարի հետո նաև պետք է ավելացներ Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայ երկրպագուների ոգևորությունը մեծ էր, իսկ խաղը միայն ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում չէր:

Աշխարհի չեմպիոն հայրենակիցները

1998-ին հայ ֆուտբոլասերները մեծ ոգևորությամբ դիտում էին աշխարհի առաջնության հանդիպումները, և նրանց մեծ մասն աջակցում էր Ֆրանսիայի հավաքականին, քանի որ այդ թիմում հանդես էին գալիս ազգությամբ հայ երկու ֆուտբոլիստներ՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը: Եվ ահա, վիճակահանությունն առիթ տվեց երկու ֆուտբոլիստներին կյանքում առաջին անգամ այցելել պատմական հայրենիք: Հատկապես ուշադրության կենտրոնում էր Ջորկաեֆը, որը Երևան էր ժամանել ծնողների և երկու եղբայրների հետ: Խաղից հետո նա թիմակիցների հետ չմեկնեց Ֆրանսիա, այլ մնաց ևս երկու օր, հանդիպումներ ունեցավ երկրի առաջին դեմքերի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին մեծ թվով առաջարկներ ու ծրագրեր, որոնք, իհարկե, այդպես էլ իրականություն չդարձան: Առավել հետաքրքիրներից մեկի հեղինակն իտալական «Վերոնայի» նախկին նախագահ Էմիլ Միրզախանյանի ծրագիրն էր, որը խոստանում էր ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Հայաստանի հավաքականի և իտալական «Ինտերի» միջև: Վերջինիս կազմում էր խաղում Ջորկաեֆը, իսկ ակումբի սեփականատեր Մասիմո Մորատին Միրզախանյանի ընկերն էր:

 

Խաղի նախօերին՝ մամուլի ասուլիսին, որը տեղի ունեցավ «Ալեն-Էլեն» ակումբում, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոժե Լըմերը ներկայացավ աշխարհի 6 չեմպիոնների, այդ թվում՝ Ջորկաեֆի, Պողոսյանի, Զիդանի հետ միասին: Թեև Զինեդին Զիդանը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն էր, բայց հայ լրագրողների ուշադրության կենտրոնում առաջին հերթին Յուրի Ջորկաեֆն էր: Վերջինս հասցրեց նաև իր հայերենի իմացությունը ցույց տալ. «Քիչ մը կխոսիմ, մեջս հայի արյուն կա: Ֆրանսիայի հայ համայնքը կներկայացնիմ ձեզի»:

Ջորկաեֆն ու Պողոսյանը Հայաստանում նաև ստացան հատուկ կարգավիճակի անձնագիր, որն իրավունք կտար նրանց ցանկացած պահի այցելել Հայաստան: Երկու ֆուտբոլիստների համար էլ հայրենիք այցը ոգևորիչ ստացվեց, իսկ Ջորկաեֆը դրանից հետո հաճախակի հյուրընկալվում էր Հայաստանում: 

Փարիզում շանսեր չկային

Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները հասցրել էին այս շրջափուլում արդեն մեկ հանդիպում անցկացնել. մարտին Փարիզում Սուրեն Բարսեղյանի սաներն արժանի դիմադրություն ցույց տվեցին, բայց առջևում ոչինչ անել չկարողացան, ֆրանսիացիներն էլ իրենց երկու գնդակը հանգիստ խփեցին: Խաղի առաջին հարվածը կատարեց Շառլ Ազնավուրը: Հատկանշական է, որ 1996-ին այս հավաքականները ևս մեկ հանդիպում էին անցկացրել Ֆրանսիայում: Ընկերական խաղում աշխարհի ապագա չեմպիոնները հաղթել էին նույն 2-0 հաշվով:

Սեպտեմբերի 9-ին Երևանում կայացած խաղին hյուրերը մոտեցել էին առանց լուրջ կորուստների: Թերևս միայն Նիկոլյա Անելկայի բացակայությունն էր աչքի ընկնում, բայց մարտին կայացած հանդիպման հերոսը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո չէր կարողանում իր լավագույն մարզավիճակը ձեռք բերել, ու Լըմերը նրան չընդգրկեց հանդիպման հայտացուցակում:

Իսկ Հայաստանի հավաքականը խաղին մոտենում էր պաշտպանությունում լուրջ կորուստներով: Վնասվածքների և որակազրկումների պատճառով խաղը բաց էին թողնում Երվանդ Սուքիասյանը, Հարություն Վարդանյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չկար նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արթուր Ոսկանյանը: Մանուկ Կակոսյանը վիճել էր գլխավոր մարզչի հետ Ռուսաստանի հետ խաղից հետո և սկանդալով հեռացել հավաքականից: Բարսեղյանի առջև դժվար խնդիր էր դրված: Վարդանյանի փոխարեն նա վերջին պաշտպանի դիրքը վստահեց Սամարայի «Կռիլյա Սովետովի» պաշտպան Արթուր Մկրտչյանին: Վարդան Խաչատրյանի ու Սարգիս Հովսեփյանի տեղը մեկնարկային կազմում կասկած չէր հարուցում, իսկ ահա երեք պաշտպանների առջևից մեկնարկային րոպեներից խաղաց «Փյունիկից» Կիպրոս տեղափոխված կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը: Իհարկե, այս ամենը շատ պայմանական էր, քանի որ խաղի ընթացքում կենտրոնական պաշտպանի դիրքում հայտնվում էր նույնսիկ ենթահարձակվող Արմեն Շահգելդյանը: Հարձակվող Տիգրան Եսայանն այս խաղում հանդես էր գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ Հայկ Հարությունյանի հետ միասին: Կիսապաշտպանության եզրերում դաշտ դուրս եկան «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը ու Տիգրան Պետրոսյանցը «Կռիլյա Սովետովից», իսկ կենտրոնական հարձակվողի դիրքը վստահվել էր Սամարայի ակումբի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Կարապետ Միքայելյանին:

Միքայելյանին այլընտրանք չկար. նրա հիմնական մրցակիցը՝ Էրիկ Ասադուրյանը, հավաքականից հեռացավ Ֆրանսիայի հետ կայացած առաջին խաղից առաջ, երբ Սուրեն Բարսեղյանը որոշեց նրան թողնել պահեստայինների նստարանին: Փոխարենը, Հայաստանի հավաքականը համալրվել էր նոր հարձակվողով: Արգենտինացի Մարսելո Դևանին իրեն լավ էր դրսևորում Հայաստանի չեմպիոն «Երևանի» կազմում, և ՀՖՖ-ն որոշեց հավաքական հրավիրել 23-ամյա ֆուտբոլիստին: Դևանին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը լինելով ոչ հայ ու ոչ մի կապ չունենալով Հայաստանի հետ, հագավ ազգային հավաքականի մարզաշապիկը: Խաղից 4 օր առաջ նա նորամուտը նշեց հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի հավաքականի հետ Մոսկվայում կայացած խաղում: Այդ օրը Բարսեղյանի թիմը պարտվեց 0-2 հաշվով, թեև հաշիվը պետք է ավելի խոշոր լիներ, եթե չլիներ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղը: Բարեբախտաբար, Ռոմանը, որը փայլուն մրցաշրջան էր անցկացնում «Զենիթում», առողջ էր, ու Ֆրանսիայի հետ խաղին մեկնարկային կազմում էր: Բերեզովսկու ներկայությունը դարպասում մեծ հուսալիություն էր տալիս երկրպագուներին: 

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոժե Լըմերը դաշտ էր դուրս բերել աշխարհի 9 չեմպիոնների, այդ թվում՝ թիմի առաջատարներ Զինեդին Զիդանին ու Յուրի Ջորկաեֆին: Դարպասում Ֆաբիեն Բարտեզն էր, պաշտպանության կենտրոնում Լորան Բլանն ու Մարսել Դեսային, եզրերում՝ Բիքսանտ Լիզարազյուն և Լիլիան Թյուրամը, կիսապաշտպանության կենտրոնում կողք-կողքի խաղում էին Քրիստիան Կարամբյոն ու Դիդյե Դեշամը, Զիդանն ու Ջորկաեֆն էլ պատասխանատու էին գրոհների կազմակերպման համար: Հարձակման գծում աշխարհի չեմպիոններ չկային. Թիերի Անրին և Դավիդ Տրեզեգեն լավագույն մարզավիճակում չէին. ճիշտ է, նրանք աշխարհի չեմպիոն էին, բայց ակումբային ֆուտբոլում լեգենդար կարիերան դեռ առջևում էր: Անրին մեկ մրցաշրջան տառապեց Թուրինի «Յուվենտուսում», և նոր էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», Տրեզեգեն դեռ ելույթ էր ունենում «Մոնակոյում»: Լեմերը նախընտրեց հարձակման գծում դաշտ դուրս բերել խաղակցված զույգի՝ ֆիզիկապես ամուր Լիլիան Լասլանդին և արագաշարժ Սիլվեն Վիլտորին, որոնք լավ մրցաշրջան էին անցկացրել «Բորդոյում»՝ թիմի համար ապահովելով Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: 

«Հրազդանը» ցնցվեց, աշխարհը շոկի մեջ էր

Այն, ինչ կատարվեց խաղի արդեն 6-րդ րոպեին, հայ ֆուտբոլասերները, որոնք խաղը դիտել են կամ տրիբունաներից, կամ հեռուստացույցով, կհիշեն մինչև կյանքի վերջը: Ֆրանսիայի հավաքականը դաշտ դուրս եկավ չափազանց ինքնավստահ՝ պատրաստ հենց առաջին րոպեներից լուծելու կարգով ցածր մրցակցի հարցերը: Պաշտպանները՝ Բլանն ու Դեսային, շատ բարձր էին դասավորվել իրենց թիմի գրոհի ժամանակ: Հենց Բլանն էլ սկսեց հյուրերի առաջին վտանգավոր գրոհը 6-րդ րոպեին. գնդակը երկար փոխանցումով ուղարկեց Վիլտորին, վերջինս միանգամից խաղին միացրեց Ջորկաեֆին, Յուրին շատ հեշտ ազատվեց երկու Խաչատրյանների հսկողությունից, մեն-մենակ մնաց Բերեզովսկու դեմ, բայց Ռոմանը հերթական անգամ փայլեց՝ հետ մղելով գնդակն այնքան ուժեղ, որ այն հայտնվեց դաշտի կենտրոնում, որտեղ Շահգելդյանն ու Պետրոսյանցը համառ պայքար ծավալեցին գնդակի համար: Արդյունքում, Պետրոսյանցը վերցրեց գնդակը և հիանալի փոխանցումով Բլանի և Դեսայիի արանքով գնդակը նետեց առաջ, Միքայելյանը արագությամբ առաջ անցավ նրանցից, վերցրեց գնդակը և վարպետորեն այն ուղարկեց իրեն ընդառաջ դուրս եկած Բարտեզի դարպասը:

Հայ ֆուտբոլասերները մի քանի րոպեով դարձան մոլորակի ամենաերջանիկ մարդիկ: Հետաքրքիր է, որ սա Կարապետ Միքայելյանի խփած երկրորդ ու վերջին գոլն էր Հայաստանի հավաքականում: Ավելի վաղ նա գոլի հեղինակ էր դարձել Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ երևանյան խաղում: Եթե հավաքականում ընդամենը երկու գոլ ես խփում, գոնե պետք է դա անես նման մրցակիցների հետ խաղերում…

Անակնալի եկած աշխարհի չեմպիոնները միանգամից ուշքի չեկան, իսկ Հայաստանի հավաքականը ոգևորության ալիքի վրա շարունակում էր հրաշալի ֆուտբոլ ցուցադրել: 8-րդ րոպեին Վարդան Խաչատրյանը հեռվից կրակեց. հարվածն ուժեղ ստացվեց, բայց ուղիղ կենտրոնով՝ Բարտեզի վրա: 13-րդ րոպեին նորից կոպիտ սխալվեց Դեշամը, Եսայանը պետք է մեն-մենակ մնար Բարտեզի հետ, բայց շատ վատ կասեցրեց գնդակը ու թույլ տվեց պաշտպաններին փակել ճանապարհը: Հյուրերի կազմում ակտիվ էր Ջորկաեֆը, 14-րդ րոպեին նրա հարվածից հետո նորից թիմին փրկեց Բերեզովսկին: Իսկ երկու րոպե անց մրցավարն ակնհայտորեն խղճաց չեմպիոններին. Հայաստանի հավաքականը տուգանային հարվածի իրավունք էր ստացել դարպասից շուրջ 27մ հեռավորության վրա, Շահգելդյանի ուժեղ հարվածը մեղմացրեց պատը, բայց մինչև գնդակը կհասներ Բարտեզին, Ալբերտ Սարգսյանը նետվեց առաջ՝ փորձելով առաջինը հասնել, Բլանը քաշեց նրա ձեռքից, ու հայ ֆուտբոլիստն ընկավ տուգանային հրապարակում: Բուլղարացի հայտնի մրցավար Աթանաս Ուզունովը 11-մետրանոց չնշանակեց, պատասխան գրոհում Զիդանը մեծ շռայլություն ստացավ հայ պաշտպանների կողմից՝ մենակ մնալով տուգանային հրապարակում, բայց շեղ հարվածեց: Խաղը շարունակվեց փոխադարձ գրոհներով, Հայաստանի հավաքականը փորձում էր պատասխանել հյուրերի բոլոր գրոհներին:

«Առաջին 45 րոպեները կարելի է առաձնացնել ոչ միայն այն պատճառով, որ այդ ժամանակահատվածի հիմնական մասում մեր ազգային հավաքականը, չերկնչենք ասել, գերազանցեց աշխարհի չենպիոնին: Այո, այո. պարտությունների մի ամբողջ սերիայից հետո, մեր գլխավոր թիմը, ասես սրությամբ գիտակցելով, որ այլևս նահանջելու բարոյական իրավունք չունի, ժողովեց իր ուժերը և ցուցադրեց, թե ինչի է ընդունակ»,- գրում էր «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը: Իհարկե, այդ ամենը մի փոքր ճոխացված էր, բայց ճշմարտություն կար: Բարսեղյանի թիմը համարձակ էր խաղում, արագ գոլն էլ ավելի էր ամրապդնել թիմի վստահությունը: Մեկ խաղակես Հայաստանի հավաքականը մոլորակի ուժեղագույն թիմն էր, գոնե հայ ֆուտբոլասերների աչքերում:

Ջորկաեֆի պատասխանը

Եթե մի կողմ դնենք հուզականությունը, ապա ֆրանսիացիների գերակայությունն աչքի էր ընկնում: Այո, Հայաստանի հավաքականը համարձակ էր խաղում, բայց հյուրերի հարձակման գծի ֆուտբոլիստների բարձր կարգն ու առավելությունը հայ պաշտպանների նկատմամբ աննկատ չէր կարող մնալ: Զգացվում էր, որ ֆրանսիացիները կհասնեն իրենց ուզածին, թեև նրանց գործողություններում որոշ նյարդայնություն կար: Հարձակման վերջին փուլում կամ փոխանցումն էր անհաջող, կամ հարվածը չէր ստացվում: Խաղակեսի վերջնամասում խաղը մի փոքր հանգստացավ, թվում էր՝ աշխարհի չեմպիոններն արդեն համակերպվել են արդյունքի հետ ու կփորձեն ամեն ինչ շտկել ընդմիջումից հետո: Էլ ավելի ցավալի էր, որ նման պայմաններում Հայաստանի հավաքականը բաց թողեց առավելությունը: Բարտեզը երկար փոխանցումով գնդակը սեփական կիսադաշտից ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ անակնկալ կերպով հայտնվեց կենտրոնական պաշտպան Լորան Բլանը: Վարդան Խաչատրյանը բաց թողեց վերջինիս հսկողությունից, հետո փորձեց չթողնել նրան մեն-մենակ Բերեզովսկու հետ, բայց գնդակի փոխարեն հարվածեց ֆրանսիացի ֆուտբոլիստի ոտքին: Աթանասովն այս անգամ էլ անդրդվելի էր՝ 11-մետրանոց: Գնդակին մոտեցավ Յուրի Ջորկաեֆը․ այս անգամ «Հրազդանն» արդեն սուլում էր նրան, բայց Յուրին սառնասրտություն դրսևորեց և գրավեց Բերեզովսկու դարպասը: Եթե խաղից առաջ որևէ մեկն ասեր, որ թիմերն ընդմիջման են գնալու 1-1 հաշվի պայմաններում, ֆուտբոլասերները, երևի, չէին հավատա, բայց հանդերաձարանի ճանապարհին ավելի ուրախ էին ֆրանսիացիները: Գոլը կոտրեց թե՛ հայ ֆուտբոլիստների, թե՛ ֆուտբոլասերների ոգևորությունը:

Բարոյական հաղթանակ

Ընդմիջումից հետո ֆրանսիացիների առավելությունն էլ ավելի ակնհայտ էր: Իհարկե, հայերը ժամանակ առ ժամանակ ատամ ցույց տալիս էին, հատկապես՝ Տիգրան Եսայանի ակտիվ խաղի շնորհիվ: Դրվագներից մեկում Բլանը դեղին քարտ ստացավ՝ կասեցնելով արագաշարժ ֆուտբոլիստի հերթական անցումը և թույլ չտալով նրան վտանգավոր դիրք դուրս գալ: Բայց ֆրանսիացիների գոլը ժամանակի հարց էր: Մեկ անգամ Բերեզովսկին փրկեց թիմին Զիդանի հարվածից հետո, բայց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ավելի ու ավելի էր մոտենում գոլին: 63-րդ րոպեին մարզիչները մեկական փոփոխություն կատարեցին. խաղը ձախողած Վիլտորին փոխարինեց Լորան Ռոբերը, իսկ Հայաստանի հավաքականում Հարությունյանի փոխարեն խաղը շարունակեց Ռազմիկ Գրիգորյանը: 4 րոպե անց հյուրերը վերջապես առաջ անցան հաշվի մեջ: Նորից ամեն ինչ սկսեց Բլանը՝ խորքից գնդակն ուղարկելով տուգանային հրապարակի մատույցներ, Ջորկաեֆը կարճ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Զիդանին, որի հարվածն անկասելի էր:

Բարսեղյանը միանգամից արձագանքեց բաց թողած գոլին՝ փոխարինելով Միքայելյանին ու դաշտ դուրս բերելով արգենտինացի Դևանիին: Հայաստանի հավաքականը կարճ ժամանակով ակտիվացավ, 71-րդ րոպեին Ռոմիկ Խաչատրյանը տուգանային հրապարակի աջ կողմում գտավ հսկողությունից դուրս մնացած Շահգելդյանին, վերջինիս հարվածը դիպավ ցանցին հակառակ կողմից: 

Ռոժե Լեմերը պատասխանեց իր փոխարինմամբ. Զիդանը դաշտում իր տեղը զիջեց «Բարսելոնայի» նորեկ կենտրոնական պաշտպան Ֆրեդերիկ Դեյուին: 75-րդ րոպեին նորից փայլեց Ջորկաեֆը: Ֆրանսիացիների 6 համարը հիանալի կասեցրեց երկար փոխանցումը, հավաքեց իր վրա երեք պաշտպանների ու ճիշտ պահին կատարած փոխանցումով Բերեզովսկու դեմ մեն-մենակ դուրս բերեց Լասլանդին. «Բորդոյի» հարձակվողը չվրիպեց՝ 3-1:

Թվում էր՝ գործը կարող է հասնել նաև ջախջախման, հայ ֆուտբոլիստներն ակնհայտորեն հոգնել էին, պաշտպանությունում քաոս էր, Բերեզովսկին շարունակում էր փրկել անհուսալի իրադրություններում: Ոչինչ չտվեց Ռոմիկ Խաչատրյան - Արթուր Քոչարյան փոխարինումը: Բայց խաղի վերջին 10 րոպեներին ֆրանսիացիները հանգստացրին խաղը: Իսկ մրցավարի կողմից ավելացրած ժամանակում նաև սկսեցին նվերցներ մատուցել: Նախ Դեյուն ավելացված երկրորդ րոպեին որոշեց կոպտորեն հարվածել Ալբերտ Սարգսյանի ոտքին, իսկ քանի որ նա նույն «հնարքն» արել էր նաև 15 րոպե առաջ նույն Սարգսյանի հետ պայքարում, պատժվեց երկրորդ դեղին քարտով ու հեռացվեց: Մեկ րոպե անց էլ իր մասին հիշեցրեց Բարտեզը: Անհաշվենկատ դուրս գալով իր տեղից՝ ֆրանսիացի դարպասապահը գցեց Քոչարյանին՝ զրկելով վերջինիս գոլի հեղինակ դառնալու հնարավորությունից: 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Շահգելդյանը՝ խաղի վերջում նորից ուրախություն պարգևելով հայ ֆուտբոլասերներին: 

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթը խաղի արդյունքը որակեց որպես բարոյական հաղթանակ, մարտական ոգու հաղթանակ: Դե իսկ բուն հաղթանակն ու երեք միավորը Երևանից իր հետ տարավ Ֆրանսիայի հավաքականը:

Զիդանը գոլ է խփում, իսկ Տիգրան Եսայանը՝ ոչ

Նույն պարբերականի գնահատականներով, Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին էին, բարձր գնահատականներ էին ստացել երկու գոլերի հեղինակներն ու Մարսելո Դևանին:

Մամուլի ասուլիս, որպես այդպիսին, տեղի չունեցավ, լրագրողները մարզիչներին «բռնացրել» էին հենց հանդերձարանի դռների մոտ: «Կարմիր բերետավորները» թույլ չէին տալիս հայ լրագրողներին մոտենալ Լեմերին, քանի դեռ նա պատասխանում էր ֆրանսիացի լրագրողների հարցերին: Այնուամենայնիվ, հայ լրագրողների հարցերին էլ հերթը հասավ: Լեմերը խիստ դժգոհ էր մնացել իր թիմի՝ վերջնամասում ցուցադրած խաղից՝ որակելով այն «շատ տգեղ»: Փորձառու մասնագետը Հայաստանի հավաքականի կազմում առանձնացրեց Հովսեփյանին, Բերեզովսկուն և Միքայելյանին՝ նաև նշելով, որ «եթե Զիդանը գոլ չխփեր, դեռ հայտնի չէ՝ ինչպես կվերջանար հանդիպումը»: 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը երկրպագուների ոգևորությունը խաղից հետո չէր կիսում: Նա նշեց, որ սա ամենևին էլ Հայաստանի հավաքականի լավագույն խաղը չէր այս շրջափուլում, լավագույնը Իսլանդիայի հետ տնային հանդիպումն էր (0-0, խմբ.): Նա նաև ընդգծեց հայկական ու ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր տարբերությունը. «Ժամանակակից ֆուտբոլում գաղտինքներ չկան: Գաղտնիքն անհատական վարպետության մեջ է: Զիդանը գոլ է խփում, իսկ մեր Տիգրան Եսայանը՝ ոչ: Ֆրանսիացիներն այս խաղում առանձնապես մեծ բաներ չարին, որ մենք չգիտեինք»:

Չնայած պարտությանը՝ հայ ֆուտբոլասերը երբեք չի մոռանա, որ գրեթե մի ամբողջ խաղակես Հայաստանի հավաքականը հաղթում էր աշխարհի չեմպիոնին: Իսկ խաղին ներկա եղածներն իրենց թոռներին էլ կպատմեն (ոմանք էլ արդեն պատմում են), թե ինչպես իրենց աչքի առաջ Կարապետ Միքայելյանը գրավեց Ֆաբյեն Բարտեզի դարպասը:

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Ֆիգուն վնասվածք ստացավ հյուրանոցում, իսկ Պորտուգալիան թանկարժեք 2 միավոր կորցրեց Երևանում

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Հայաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը պաշտոնական խաղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ