Չեռնոգորիայում կայացած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ Հայաստանն աշխարհամասի չեմպիոն ունեցավ։ Պատմական այդ նվաճումը 70 կգ քաշային կարգում գրանցեց Անի Հովսեփյանը, որը VNews-ի հեր հարցազրույցում պատմել է հաղթանակի ու իր նախասիրությունների մասին։
- Ի՞նչ տպավորություններ ունեք Եվրոպայի առաջնությունից։
- Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն էին նման խոշոր միջազգային մրցաշարում կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, հնչեցնել Հայաստանի օրհներգը և պարզել հայոց եռագույնը։ Անչափ ոգևորված եմ, սակայն դեռևս դժվարանում եմ հավատալ, որ կարողացել եմ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Սա իմ առաջին մեծ հաջողությունն է մեծահասակների մրցումներում։ Նախկինում եղել եմ Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր և աղջիկների աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր։
- Շա՞տ դժվար էր դառնալ Եվրոպայի չեմպիոն։
- Հաղթանակները սովորաբար հեշտ չեն տրվում։ Առաջին երկու մենամարտերում կարողացա մի քանի անգամ նոկդաունի ենթարկել մրցակիցներիս։ Մեկնարկային մենամարտս զարմանալիորեն ավելի հեշտ ստացվեց, քանի որ մրցակիցս շուտ ընկրկեց իմ հարվածներից, և երկրորդ ռաունդում նրա մարտավկաներն ընդհատեցին մենամարտը։ Զարմանալի էր, որովհետև այդ հունգարացի մրցակիցն օժտված էր ավելի լավ տվյալներով և ավելի ուժեղ էր, քան Չեռնոգորիան ներկայացնող մարզուհին, որին հանդիպեցի երկրորդ փուլում։ Վերջինս դիմացավ երեք ռաունդ, թեպետ առաջին երկուսում նոկդաունի ենթարկեցի նրան այն դեպքում, որ սկզբում փոքր-ինչ լարված էի, քանի որ գիտակցում էի՝ առաջնության կազմակերպիչ երկրի ներկայացուցչին պետք է հնարավորինս վստահորեն հաղթեմ, որպեսզի հանկարծ մրցավարների մտքով չանցնի ինձնից խլել հաղթանակը։
- Իսկ եզրափակի՞չը... Նախապես մտածե՞լ էիք, թե ինչպես եք մենամարտելու փորձառու իռլանդուհու հետ։
- Ճիշտ եք՝ բռնցքամարտում ընդունված է նախապես պլանավորել մենամարտի կառուցվածքը։ Սակայն դա, հավանաբար, այն եզակի դեպքերից էր, որ չէի պատկերացնում, թե ինչը որ հաջորդականությամբ եմ անելու։ Այնուամենայնիվ, հենց սկզբից զգում էի, հավատում էի, որ հաղթելու եմ։ Նա անվստահ էր գործում, ինչը միայն մեծացրեց իմ վճռականությունը։
- Արդեն մտովի պատրաստվո՞ւմ եք հաջորդ խոշոր մրցումներին։
- Այո՛, իրոք շատ եմ ոգևորվել։ Հիմա մի փոքր կհանգստանամ և կվերսկսեմ մարզումներս։ Հաջորդ մրցաշրջանը որոշիչ է լինելու. նախատեսված են մի քանի խոշոր մրցումներ, այդ թվում՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարեր։ Կարևոր մեկնարկներ են աշխարհի առաջնությունը և Եվրոպական խաղերը։ «Փարիզ-2024»-ի ուղեգիր նվաճելը գերագույն նպատակներիցս մեկն է։ Այդ ամենին նախորդելու է լարված և դժվարին նախապատրաստական փուլը։
- Ի դեպ, ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ, անցկացնել ազատ ժամանակը։
- Ընդհանրապես շատ եմ քնում, որովհետև առավոտյան շատ վաղ եմ արթնանում, մասնակցում հագեցած մարզումների։ Ազատ ժամանակ շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել։ Նախընտրում եմ տարբեր ոլորտների վերաբերյալ փաստագրական, վավերագրական ֆիլմերը։
- Ձեր եվրոպացի մրցակիցներին արդեն քաջածանոթ եք, իսկ ովքե՞ր են լինելու Ձեր հիմնական մրցակիցներն աշխարհի առաջնությունում.
- Դժվար է միանշանակ ասել, որովհետև Օլիմպիական խաղերից առաջ անընդհատ վերադասավորումներ են լինում քաշային կարգերում։ Ես նույնպես փոխելու եմ քաշային կարգս, տեղափոխվելու եմ 69 կգ քաշային կարգ, որն օլիմպիական է։ Դեռ հեռակա եմ ծանոթ այդ քաշային կարգում հաղթողի հիմնական ֆավորիտներին: Ավելի մանրամասն կփորձեմ ուսումնասիրել աշխարհի առաջնությանը պատրաստվելիս։ Գիտեմ, որ այնտեղ եղանակ ստեղծողներից է օլիմպիական չեմպիոն թուրք մարզուհին, որը, սակայն, Եվրոպայի այս առաջնությունում բավարարվեց բրոնզե մեդալով։
- Աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու. ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մասնակցելու համաշխարհային նշանակության այդ մրցմանը։
- Ցանկանում եմ կրկնել այս հաջողությունս, դառնալ նաև աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կնվիրվեմ օլիմպիական ուղեգիր նվաճելու նպատակիս իրականացմանը։
- Հատկապես ո՞ր որակների կատարելագործմանն եք մտադիր առանձնակի ուշադրություն դարձնել հետագա մարզումների ընթացքում։
- Թերևս տեխնիկա-տակտիկական որակներիս բարելավմանը, ֆիզիկական պատրաստականությանը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ոտքերիս ու ձեռքերիս աշխատանքի արագության բարելավմանը, հարվածների կտրուկությանը։ Ինչ վերաբերում է հարվածների կշռին, ապա մարզիչները պնդում են, որ եղածը լիովին բավական է՝ անգամ բարձր քաշային կարգերում մենամարտելու համար։ Ամեն դեպքում, հստակ է, որ աշխարհի առաջնությունում ավելի դժվար է լինելու, քան եվրոպական ստուգատեսում։
- Նոկդաունները Ձեզ համար հաջող են ստացվում, իսկ երբևէ կարողացե՞լ եք նոկաուտի ենթարկել մրցակիցներին։
- Սիրողական բռնցքամարտում նոկաուտներ, որպես կանոն, քիչ են լինում։ Ինձ դեռ չի հաջողվել։
- Հավաքների ընթացքում ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ գործոնին։
- Հավաքականում մեր հավաքները հետաքրքիր և հագեցած են անցնում։ Ուշադրություն ենք դարձնում բոլոր կարևոր գործոններին։ Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին, որը շատ մեծ ներդրում ունի մեր հաջողություններում։ Նա է ժամանակին ձևավորել կանանց հավաքականը։ Նրա սերը հարազատ մարզաձևի նկատմամբ, նվիրվածությունը, աշխատասիրությունը, փորձը տալիս են իրենց արդյունքը։ Նա միշտ նշում է, որ ցանկացած բան պետք է ժամանակին անել, որպեսզի հետո չզղջանք կորցրած հնարավորությունների համար։ Այդ բառերը շատ են տպավորել ինձ։ Հասկանում եմ, որ սպորտային կյանքը շատ կարճ է, պետք է հասցնել իրագործել նպատակները, քանի որ ժամանակն անհնար է վերադարձնել: