Կանանց Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանն օրեր առաջ Սյուզաննա Մուրադյանի հետ միասին դարձավ թենիսի Հայաստանի առաջնության զուգախաղի չեմպիոն։
28-ամյա մարզուհին VNews-ի հետ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը, անդրադարձել այս տարվա ընթացքում իր մասնակցությամբ մյուս մրցաշարերին, խոսել մարզչական աշխատանքը թենիսիստի կարիերայի հետ համատեղելու ու հայկական թենիսի խնդիրների մասին։
- Ի՞նչ մակարդակի էր մրցակցությունը Հայաստանի առաջնությունում։
- Մասնակցեցի միայն զուգախաղին։ Անկեղծ ասած՝ մրցակցությունն ուժեղ չէր։ Առաջին մրցախաղում ես և Սյուզաննա Մուրադյանը հաղթեցինք 6։0, 6։0, իսկ եզրափակիչում՝ 6։1, 6։1 հաշվով։ Հանդես էի գալիս գրեթե իմ հասակակից մարզուհու հետ, որը ներկայումս զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Հենց նրա առաջարկով որոշեցի մասնակցել առաջնությանը։ Հեշտ էր, քանի որ մրցում էինք բացարձակապես մրցափորձ չունեցող երեխաների հետ։ Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո զրուցում էի մեր մրցակիցների հետ, բացատրում, թե ինչպես է պետք խաղալ այս կամ այն իրավիճակում և ինչի հետևանք են արձանագրված սխալները։ Ցանկանում էի որոշ չափով նրանց փոխանցել իմ փորձը։
- Ձեր մասնակցությունը պայմանավորված էր միայն ընկերուհու առաջարկո՞վ, թե՞ նաև խաղային փորձի կարիք ունեիք։
- Այս պահին խաղային փորձի խնդիր չկար՝ հատկապես, որ վնասվածքներ ունեմ։ Պարզապես, շատ եմ սիրում իմ մարզաձևը և փորձում եմ օգտվել խաղալու յուրաքանչյուր հնարավորությունից։
- Ձեր մասնակցությամբ նախորդ մրցաշարն աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունն էր՝ Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը։ Այդ մրցաշարում ի՞նչը չբավականացրեց կանանց Հայաստանի հավաքականին ավելի լավ ելույթ ունենալու համար։
- Մեր թիմում չկա բարձր խաղամակարդակ ունեցող երկրորդ մարզուհի։ Դա է ամենամեծ խնդիրը, որն, ի դեպ, հայկական մամուլում բարձրաձայնվել էր դեռ 6 տարի առաջ։ Ցավոք, այդ խնդիրը մինչև հիմա պահպանվում է։ Դա շատ վատ է, որովհետև անձամբ ինձ համար Հայաստանում միշտ արդիական է եղել մրցակցության խնդիրը։ Այն ինչ-որ կերպ լուծելու համար միշտ ստիպված եմ եղել մարզվել տղաների հետ։ Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է կայուն բարձր խաղամակարդակի առնվազն ևս մեկ թենիսիստուհի։
- Ինչո՞ւ չունենք համապատասխան կարգի մարզուհիներ։
- Դժվար է ասել՝ գուցե լավ մարզիչների, գուցե տաղանդավոր մարզուհիների պակասից։
- Իսկ պայմանները բավարա՞ր են։
- Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կան պայմաններ։ Խնդիրը հենց լավ մարզիչների բացակայությունն է։
- Որքանո՞վ է կարևոր ֆինանսական գործոնը, որը հաճախ սահմանափակում է միջազգային մրցումներին մասնակցելու տաղանդավոր պատանիների հնարավորությունները։
- Շատերը կարողանում են մեկնել արտերկիր, բայց, միևնույն է, չի ստացվում։ Հավանաբար, մինչև այդ ինչ-որ մի բան սխալ են արել։ Շատերը մտածում են, որ ակադեմիայում մարզվելն արդյունավետ մոտեցում է, բայց հաճախ ոչինչ չի ստացվում, որովհետև ակադեմիաներում այցելուներից վերցնում են գումարը և չեն դրսևորում հոգատարություն։
- Առաջիկայում նախատեսո՞ւմ եք մասնակցել միջազգային մրցաշարերի։
- Այս տարի ևս երկու մրցաշարի մասնակցել եմ ապրիլին Կահիրեում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ հասել եմ հիմնական փուլի քառորդ եզրափակիչ։ Այնտեղ 12 օրում անցկացրել էի 14 հանդիպում։ Դրա շնորհիվ մինչև հիմա պահպանում եմ վարկանիշս։ Սակայն, ավանդական ֆինանսական խնդիրների և վնասվածքների պատճառով առայժմ չեմ ծրագրում մասնակցել միջազգային մրցաշարերի։
- Հնարավո՞ր է, որ վնասվածքների պատճառով հրաժեշտ տաք սպորտին։
- Չեմ կարծում՝ թենիսը շատ եմ սիրում։ Այժմ գրեթե պարբերաբար մարզվում եմ, ինչպես նաև զբաղվում եմ մարզչական աշխատանքով։ Մեծամասամբ աշխատում եմ սիրողական մակարդակի խաղացողների հետ, բայց ունեմ 12-ամյա աշակերտուհի, որը բավականին լավ է խաղում։ Առհասարակ, ինձ շատ է դուր գալիս մարզչական աշխատանքը, այն ուղեկցող էմոցիաները։ Միշտ ասել եմ, որ պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելու դեպքում նվիրվելու եմ մարզչական գործունեությանը, որովհետև նվիրված եմ թենիսին և այլ բնագավառում ինձ չեմ տեսնում։