Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 2 ներկայացուցիչները պարտություն կրեցին։
Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում մեկնարկել էր իտալացի Ջանլուկա Տալամոյի նկատմամբ 6-2 հաշվով հաղթանակով, սակայն 1/4 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց ամերիկացի Զաին Ալեն Ռեթերֆորդին։
Արման Ավագյանը (79 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր կանադացի Ադամ Թոմսոնին, իսկ 1/8 եզրափակիչում 6-7 հաշվով պարտվել էր ճապոնացի Յուդայի Տակահաշիին։
Եթե Անդրեասյանին ու Ավագյանին հաղթած ըմբիշները նվաճեն եզրափակիչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար և սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն սեպտեմբերի 16-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Խնձրցյանը և Ալիխանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 16-ին, իսկ Հարությունյանը և Թևանյանը՝ սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։


