Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 374 կգ (178+196) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարեց բոլոր՝ երեք մոտեցումները և 178 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի ռեկորդ:
Հրում վարժությունում 27-ամյա Կարապետյանը հաջողեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 190 կգ և 196 կգ, սակայն ձախողեց երրորդ մոտեցումը, որի համար պատվիրել էր 206 կգ:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց բուլղարացի Կառլոս Նասարը (395 կգ)՝ սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նա ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում ցուցադրած 221 կգ արդյունքով: Մոլդովայի ներկայացուցիչ Ռոբու Մարինը զբաղեցրեց երրորդ տեղը (364 կգ):
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016թ․ չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը ԵԱ-ում երկու անգամ դարձել է նաև բրոնզե մեդալակիր (2015, 2021թթ․), երրորդ տեղն է գրավել նաև 2015թ․ աշխարհի առաջնությունում։
Սա Հայաստանի թիմի չորրորդ մեդալն էր երկամարտում։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։
ԵԱ-ում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները