Հայաստանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում:
Ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակիչ գոտեմարտի միջնամասում հաղթում էր 6-3 հաշվով, սակայն վերջին հատվածում հյուսիսկորեացի մրցակիցը գնաց հնարքների և հաշիվը դարձրեց 7-6: Գոտեմարտի ավարտից հետո Հայաստանի հավաքականի մարզիչները վիճարկեցին վերջին դրվագը, մրցավարները դիտեցին տեսակրկնապատկերը և երեք միավոր տվեցին հայ ըմբիշին: Այսպիսով, Ավետիսյանը հաղթեց 9-7 հաշվով և դարձավ բանակայինների աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, Հայաստանն ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը 7 մեդալ նվաճեց` երեք ոսկե, երկուական արծաթե և բրոնզե:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոն էին դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Աշոտ Խաչատրյանը (77 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի, իսկ ազատոճային Սարգիս Բեգոյանը (61 կգ) և կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ)` արծաթե: