Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին՝ նրան համեմատելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի հետ:
«Ժունիորին դուր է գալիս խաղալ ցանկացած վայրում, սակայն էլ ավելի հաճելի է ելույթ ունենալ այնպիսի յուրահատուկ ստադիոնում, ինչպիսին «Էնֆիլդն» է: Նրա խաղին հետևելը հաճույք է պարգևում ոչ միայն «Ռեալի», այլև ֆուտբոլի երկրպագուներին: Վինիսիուսը փայլուն խաղացող է և Մբապեի ու Հոլանդի խաղամակարդակի է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» կընդունի «Ռեալին»: Հանդիպումը փետրվարի 21-ին կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում:
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթել էր մերսիսայդյան ակումբին։