Կական ու Ռոնալդոն փորձում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին համոզել գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
The Athletic-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի ու «Ռեալի» երկու նախկին ֆուտբոլիստները մեծ դերակատարում ունեն իտալացի մասնագետին հրավիրելու հարցում։ Կական ու Ռոնալդոն 63-ամյա մարզիչի հետ բանակցում են Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի անունից։
Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, եթե ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանա «Ռեալից»։ Սակայն իտալացին ցանկանում է մնալ «Արքայական ակումբում», եթե չհեռացվի այս մրցաշրջանի վերջում։
Անչելոտիի ապագան «Ռեալում» կախված է Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներից։ Եթե մադրիդցիները պաշտպանեն տիտղոսը, մարզիչի՝ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել էր 2021 թվականի ամռանը։ Նա Իսպանիայի գործող չեմպիոնի հետ աշխատել է նաև 2013-2015 թվականներին։