Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը:
Globo Esporte-ի տեղեկություններով, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան միջնորդների միջոցով պարզել է, որ իտալացի մասնագետը պատրաստ է դա անել հունիսին, երբ ավարտվի այս մրցաշրջանը:
Կառույցի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը մտադիր է փետրվարին հանդիպել մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու քննարկել Անչելոտիի հնարավոր հեռանալը: Եթե կողմերը համաձայնության գան, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական առաջարկ կկատարի 63-ամյա մասնագետին:
Անչելոտիին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մտադրությունն ավելի է ամրապնդվել` հաշվի առնելով նրա լավ հարաբերությունները «Արքայական ակումբի» բրազիլացի ֆուտբոլիստներ Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Էդեր Միլիտաոյի, ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կազեմիրոյի հետ:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Ռեալի» հետ նվաճել է 8 տիտղոս:
Կատարում կայացած ԱԱ-2022-ից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիտեն։