Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Աթլետիկոյից» կրած պարտությունը:
«Ես ֆուտբոլիստներին մեղադրելու ոչինչ չունեմ, նրանք ամեն ինչ տվեցին: Առաջին խաղակեսում Վինիսիուսի համար դժվար էր խաղալ, սակայն երկրորդում նա առանցքային դեր ունեցավ, անընդհատ սպառնաց մրցակցի դարպասին և շատ լավ հանդիպում անցկացրեց։ «Ռեալը» քիչ շահեկան դիրքում էր, քան «Աթլետիկոն», որովհետև նրանք մեկ շաբաթ ունեին խաղին պատրաստվելու համար: Մեր թիմը պայքարեց և հոգնած տեսք չուներ: Չեմ կարծում, թե լրացուցիչ ժամանակում մենք նրանց պարտվեցինք ֆիզիկապես: Մենք հուսալի պաշտպանություն ենք խաղում Լա լիգայում, բայց Իսպանիայի Գավաթում այդպես չէր: «Աթլետիկոն» շատ գոլեր է խփում, հատկապես՝ սեփական դաշտում»,- Marca-ի հետ զրույցում ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում հյուրընկալել էր «Ռեալին» և հաղթել լրացուցիչ ժամանակում՝ 4-2 հաշվով: