Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի հոգեբանական վիճակի մասին:
«Մենք դժվար շաբաթ ենք ունեցել, քանի որ այստեղ անսովոր մթնոլորտ է, բայց դա բացարձակապես կապ չունի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում տեղի ունեցածի հետ: «Ոսկե գնդակն» անցել է, շնորհավորում եմ մրցանակակիրներին: Այս առումով տխրություն չկա, իրավիճակը բոլորովին այլ է Իսպանիայում տեղի ունեցածի պատճառով (խմբ. երկրորդ գրանցված ամենամեծ ջրհեղեղը, որը խլել է առնվազն 200 մարդու կյանք):
Վինին լավ է, ինչպես բոլորս: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Մեր հանդիպումը հետաձգվեց ջրհեղեղի պատճառով:
Կրկնում եմ՝ Վինիսիուսը տխուր է, ինչպես մենք բոլորս, բայց ոչ այն պատճառով, որ նա չնվաճեց «Ոսկե գնդակը», այլ որովհետև նա տեսնում է, թե ինչ է կատարվում Վալենսիայում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակը France Football-ը հանձնել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին:
Իսպաանացուն լավագույն քառյակում հաջորդել էին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալի» խաղացողներ, Վինիսիուս Ժունիորը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:
«Արքայական ակումբի» պատվիրակությունը բոյկոտել էր «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը և չէր ժամանել Փարիզ: