Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, անդրադառնալով կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը (1-1), նշել է, որ համաձայն չէ իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածի հետ։
«Բարդ հանդիպում էր։ Այսպիսի պայմաններում դա նորմալ է։ Որակական առումով լավ խաղ էր, սակայն 11-մետրանոցի հետ կապված իրավիճակը մեզ զրկեց միավորներից։
Մեր դարպասին 11-մետրանոց չկար։ Գնդակը չէր դիպել ձեռքին։ Ես զրուցել եմ Ասենսիոյի հետ։ Իրավիճակը բարդ էր, բայց նա շարժում չարեց ձախ ձեռքով։ Չգիտեմ, հորինեցին 11-մետրանոց։ Այլ բան չեմ կարող ասել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում «Ռեալը» 70-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ, սակայն 10 րոպե անց հյուրերը հավասարեցրել էին հաշիվը 11-մետրանոցից։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»։