Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լա լիգայի առաջատար կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ վստահ հաղթանակը:
«Բոլոր առումներով մեզ համար կատարյալ խաղ էր, հակառակ պարագայում «Կամպ Նոու» ստադիոնում չէինք հաղթի 4-0 հաշվով: Առաջին խաղակեսում խնդիրներ ունեցանք, բայց առաջին գոլը փոխեց խաղի ամբողջ դինամիկան։ Մենք ավելի շատ ազատ տարածություններ ստացանք:
Նրանք ամեն ինչ արեցին այնպես, ինչպես նախորդ երկու «Էլ կլասիկոներում»։ Ռոդրիգոյի դերը փոքր-ինչ փոխել էինք, բայց ծրագիրը նույնն էր մնացել: Փոքր մանրամասները որոշում են արդյունքը:
Բենզեման շատ լավ աշխատանք կատարեց ընդմիջման ժամանակ, օպտիմալ մարզավիճակում է գտնվում, և նրա որակն անկասկած կարևոր է: Անկասկած, Կարիմը դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով էր հաղթել «Բարսելոնային», իսկ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դարձել էր հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով: Մայիսի 6-ին «Արքայական ակումբն» 9 տարի անց կխաղա Արքայական գավաթի եզրափակիչում՝ մրցելով «Օսասունայի» հետ: