Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին:
Դարպասապահի ընտրության մասին
«Լունինը հարբուխով հիվանդ է, բայց վաղը կլինի հայտացուցակում։ Նա լավ է, բայց հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին, մեկնարկային կազմում կլինի Կուրտուան»:
Մրցակցի և եզրափակիչ խաղի մասին
««Բորուսիան» արժանիորեն դուրս է եկել եզրափակիչ: Նախորդ փուլերում հաղթել է այնպիսի ուժեղ թիմերի, ինչպիսիք են Մադրիդի «Աթլետիկոն» և ՊՍԺ-ն։ Շատ ուժեղ և համախմբված թիմ է՝ գերազանց խաղացողներով։ ՊՍԺ-ի դեմ մրցավեճում նրանց պաշտպանական խաղը զարմացրեց ինձ:
Մենք շատ ուրախ ենք հերթական եզրափակիչում խաղալու համար։ Դեռ նյարդայնանալու ենք, բայց ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Պետք է օգտվենք այս պահից, հիանալի հանդիպում է սպասվում, տարվա գլխավորը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: Fast Media-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ խաղը կլուսաբանի մրցավայրից: