Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ «Մալյորկայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի արտագնա հանդիպումն ամենակարևորն է չեմպիոնական մրցավազքի առումով:
«Սպասում եմ բարդ, մրցակցային և լարված հանդիպում: Մենք պետք է խաղանք թիմի դեմ, որն արտասովոր կոլեկտիվ ոգի ունի։ Մեզ ծանր հանդիպում է սպասվում, որում պետք է մեծ նվիրումով խաղանք։ Այս շաբաթ կշեռքի նժարին դրված շատ բան կա, բայց մենք ունենք նույն վստահությունը, ինչ մի քանի օր առաջ:
Այժմ մենք մտածում ենք միայն «Մալյորկայի» դեմ խաղի մասին։ Սա ամենակարևոր հանդիպումն է Լա լիգայում չեմպիոնական մրցավազքի առումով»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 30 խաղից հետո 75 միավորով առաջատարն է, 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային»:
«Մալյորկա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:


