Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու կատալոնական «Բարսելոնան» գլխավորող իսպանացի Չավին նախախաղային ասուլիսում խոսել են Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում կայանալիք մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մասին:
Կառլո Անչելոտի. «Չեմ պատրաստվում փորձարկումներ անել: Նախորդ մրցաշրջանում նոր բան փորձեցի ու անհաջող ստացվեց («Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 0-4 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»):
Խաղադաշտ դուրս կբերեմ թիմ, որը հստակ գիտի՝ ինչ պետք է անել: Հանդիպելու ենք շատ բարձրակարգ մրցակցի ու պետք է զգոն լինենք ամբողջ խաղի ընթացքում:
Տեսանյութեր չեմ ցուցադրել ֆուտբոլիստներիս: Նրանք հիանալի գիտեն՝ ինչ թիմի դեմ են խաղալու: Նախորդ մրցաշրջանի խաղը որևէ ազդեցություն չունի մեզ վրա. սա նոր մրցաշար է, նոր «Էլ Կլասիկո»: Այս խաղը վճռորոշ չէ, քանի որ մրցաշրջանը երկար է»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Չավի. «Սա կարևորագույն հանդիպում է: Հաղթանակը պետք է թե՛ մեզ, թե՛ «Ռեալին»: Տեսնենք՝ որ թիմը կվաստակի 3 միավոր ու կդառնա միանձնյա առաջատար:
«Բարսելոնան» դեռևս վերակառուցման փուլում է: Չեմպիոնների լիգայում անհաջողությունը զայրացնում է մեզ, սակայն Լա լիգայում հիանալի վիճակում ենք: Եվրոպական մրցասպարեզում գործերն այնքան էլ լավ չեն, սակայն չենք պատրաստվում կտրուկ որոշումներով դադարեցնել «Բարսայի» վերակառուցման գործընթացը:
Նախկինի պես դրական եմ տրամադրված: Ցանկանում եմ լուծել թիմի խնդիրները: Երբեք ինքս խնդիր չեմ դառնա «Բարսելոնայի» համար»,- Չավիի խոսքը փոխանցում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 16-ին կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: 9-րդ տուրից հետո թիմերը 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Ռեալ» - «Բարսելոնա». Թիմերի հայտացուցակները (ֆոտո)
«Ռեալ» - «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ Marca-ի