Պրոֆեսիոնալ բռնցքամարտում վստահ քայլերով առաջ է շարժվում Անահիտ Արոյանը։ Հուլիսի 23-ին ծննդյան 23-րդ տարեդարձը նշած հայ մարզուհին արդեն հասցրել է նվաճել WIBA World Super Fly և WBC Youth featherweight title չեմպիոնական գոտիները։ Նախորդ մենամարտն Արոյանն անցկացրել է հուլիսի 15-ին Դուբայում՝ բացահայտ առավելությամբ հաղթելով Թաիլանդի ներկայացուցիչ Տանչանոկ Պհանանին։ Դա ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում բնակվող Անահիտի 9-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որից նա ընդամենը մեկ անգամ է հեռացել պարտված։
VNews-ի հետ հարցազրույցում Անահիտ Արոյանն ամփոփել է նախորդ մենամարտը, պատմել անցած ուղու, առաջիկա ծրագրերի և գլխավոր երազանքի մասին։
- Ինչպե՞ս ընթացավ պրոֆեսիոնալ ռինգում Ձեր 10-րդ մենամարտը։
- Նախնական պայմանավորվածությամբ՝ այդ մենամարտը պետք է անցկացնեի Ուգանդան ներկայացնող մարզուհու հետ, որը, սակայն, վիզայի խնդրի պատճառով չկարողացավ ժամանել մրցավայր, և հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ առաջացավ թաիլանդցի բռնցքամարտիկի տարբերակը։ Նա ընտրվել էր WBC-ի ներկայացրած՝ առավել բարձր վարկանիշով 10 մարզուհիների անվանացանկից։ Վիճարկում էինք 57 կգ քաշային կարգում WBC-ի՝ մինչև 24 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Պետք է նշեմ, որ բացարձակապես անծանոթ էի մրցակցիս. նրա որակների, մարտաոճի, նաև թերությունների մասին հասցրեցի պատկերացում կազմել միայն մեկնարկային երկու ռաունդի ընթացքում։ Այնուհետև, հետևելով մարզիչներիս և մարտավկաներիս ցուցումներին, կարողացա հաղթել։
- Եվ ինչպիսի՞ մրցակից էր բաժին հասել ձեզ։
- Անչափ դիմացկուն։ Այնպիսի հարվածներ էր բաց թողնում, որ թվում էր 4-5-րդ ռաունդում չի կարողանա կանգուն մնալ։ Այնուհանդերձ, նա դիմացավ մինչև 8-րդ ռաունդ, երբ մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Նույնիսկ շտապօգնության աշխատակիցների հրավիրելու կարիք առաջացավ, քանի որ թաիլանդցի մարզուհին շուրջ 10 րոպե պարզապես չէր կարողանում կանգնել։ Հատկապես շատ հարվածներ էր ստացել լյարդի հատվածում։ Ի դեպ, նա բավականին տպավորիչ ցուցանիշներ ունի՝ 15 հաղթանակ (9-ը՝ նոկաուտով) և 7 պարտություն՝ ներառյալ այս մենամարտում կրածը։ Հատկանշական է, որ թաիլանդուհուն հաղթած մարզուհիների թվում են IBO և WBO կազմակերպությունների վարկածներով աշխարհի գործող չեմպիոնուհիները։
23yr old 🇦🇲🇦🇪 Anahit Aroyan (9-1) wears down and beats up an overmatched 🇹🇭 Thanchanok Phanan (15-7) stoping Phanan with an accumulation of power shots in the 8th in Dubai 🇦🇪 capturing the WBC Youth featherweight title
— Tim Boxeo (@TimBoxeo) July 15, 2023
📽️ Grassroots Boxing pic.twitter.com/mJDp7V4Pcl
- Որքանո՞վ կարողացաք հավատարիմ մնալ ձեր մարտաոճին՝ հաշվի առնելով մրցակցի անծանոթ լինելու հանգամանքը։
- Միշտ նախընտրում եմ հարձակողական մենամարտ վարել՝ երկրորդ համարով աշխատելուն սովոր չեմ։ Այս անգամ էլ ցանկանում էի անպայման հաղթել նոկաուտով։ Առավել ևս, որ շատ լավ էի պատրաստվել՝ շաբաթական երեք մարզումային մենամարտ էի անցկացրել, նաև հիանալի մակարդակի էր ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունս։
- Որքան հասկանում եմ, միանգամից երկու ակումբ եք ներկայացնում։ Դա հակասություններ կամ շահերի բախում չի՞ առաջացնում։
- Ներկայացնում եմ Վանաձորի «Վազգեն Բադալյան» և Դուբայի «Կումա» ակումբները։ Վերջինում մարզվում եմ արդեն 5 տարի՝ ղրղզ մարզչի ղեկավարությամբ։ Սակայն, մշտապես կապ եմ պահպանում Վազգեն Բադալյանի հետ, որին ուղարկում եմ մարզումներիս և սպարինգներիս տեսագրությունները ու ստանում հետագա մարզումներիս վերաբերյալ անհրաժեշտ խորհուրդներ և ցուցումներ։ Ամենուր ներկայացրել եմ Հայաստանը և շարունակելու եմ հանդես գալ մեր եռագույնի ներքո։ Ի դեպ, Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է հայկական հավաստագիր հանձնել ինձ։
- Արդեն ընտելացե՞լ եք ԱՄԷ-ում կյանքի առանձնահատկություններին։
- Միանգամայն։ Այնտեղ մարզվելուն զուգահեռ աշխատում եմ, նաև օնլայն սովորում։ Ճիշտ է, աշխատանքիս բնույթը նույնպես բռնցքամարտի հետ է կապված՝ մարզում եմ մեծահարուստների երեխաներին։ Դուբայում ինձ շատերն են ճանաչում և ցանկանում են, որ մարզեմ իրենց երեխաներին և, անգամ, իրենց։ Այնտեղ կյանքը շատ թանկ ու դժվար է. առանց աշխատանքի չես կարող ապրել։ Իհարկե, հոգնացուցիչ է անընդհատ շարժման մեջ լինել՝ մարզել օտարներին, հետո վերադառնալ մարզադահլիճ և ինքնուրույն 2,5 ժամ պարապել, նորից գնալ մասնավոր մարզում անցկացնելու։ Հատկապես աղջկա համար շատ դժվար է միայնակ ապրել օտար երկրում, բայց նպատակ ունեմ և շարժվում եմ առաջ։ Շուրջ մեկ տարի չէի եղել Հայաստանում։ Հիմա մեկ ամիս կհանգստանամ և կվերադառնամ նույն ռիթմին։
- Սկսել եք սիրողական բռնցքամարտից։ Ինչո՞ւ որոշեցիք այդքան արագ տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։
- Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 15 տարեկանում։ Դա բավականին ուշ է։ Այնուհանդերձ, ընդամենը մեկ տարի անց ընդգրկվել եմ Հայաստանի հավաքականում՝ 54 կգ քաշային կարգում։ Այն ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն էր Արթուր Գևորգյանը։ Մարզվելով մեկ տարի՝ մեկնեցի Եվրոպայի առաջնության և պարտվեցի առաջին իսկ մենամարտում։ Հետագայում էլ ինձ, որպես կանոն, բաժին էին հասնում անչափ ուժեղ և փորձառու մրցակիցներ։ Ոչ միշտ էր հաջողվում ցանկալի արդյունքի հասնել։ Մարզիչ Վազգեն Բադալյանն էլ միշտ ասում էր, որ տիրապետում եմ լավ հարվածների, բայց սիրողական բռնցքամարտի համար ոտքերիս աշխատանքը դանդաղ է։
- Այլ մարզաձևում Ձեր ուժերը փորձելու ցանկություն չունեի՞ք։
- Մինչև բռնցքամարտը զբաղվել եմ կարատեով և հանդբոլով։ Նույնիսկ դարձել եմ դուքենդո կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի։ Ես Ստեփանավանի Ամրակից գյուղից եմ, իսկ մեր շրջանում միայն կարատեի խումբ կար։ Սակայն, այն փակվեց և հայրիկս առաջարկեց զբաղվել բռնցքամարտով։ Այդպիսով կապվեցի այս մարզաձևին։ Ընթացքում հասկացա, որ ցանկանում եմ զբաղվել հենց պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Այդ ասպարեզում առաջին մենամարտս անցկացրել եմ 2018 թվականին՝ 18 տարեկանում։ Այն ժամանակ իմ քաշային կարգում աշխարհում կար ևս երկու աղջիկ, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտ էին մուտք գործել 18 տարեկանում։ Նրանք մեքսիկուհիներ էին։ Հետո սկսվեց համավարակի շրջանը, որի պատճառով շուրջ երկու տարի մենամարտելու հնարավորություն չունեի։
- Այս տարվա մարտին, հաղթելով թաիլանդցի մեկ այլ մարզուհու, նվաճել եք 52,2 կգ քաշային կարգում WIBA World Super Fly չեմպիոնուհու տիտղոսը։ Ե՞րբ եք պատրաստվում պաշտպանել այն։
- Մրցակարգի համաձայն՝ հաղթողը պետք է 6 ամսվա ընթացքում տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնի։ Արդեն իսկ առաջարկ եմ ստացել սեպտեմբերի վերջին Զամբիայում նման հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հրավեր ունեմ նաև Ավստրալիայից, որտեղ նախատեսում են մենամարտ կազմակերպել երկու ամսից։ Իսկ առայժմ հանգստանում եմ, պատրաստվում եմ ամբողջական բուժզննում անցնել Հայաստանում։ Օգոստոսի վերջին կվերադառնամ Դուբայ և կսկսեմ պատրաստվել հաջորդ մենամարտերին։
- Իսկ առաջիկա հանդիպումներին հաջորդող ծրագրերն ուրվագծվո՞ւմ են։
- Դուբայում արդեն 6 ամիս զբաղվում եմ նաև մարտական սամբոյով։ Բոլորն ասում են, որ բավականին հմտացել եմ, նույնիսկ կարող եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալների հավակնել։
- Ի դեպ, այս տարի սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երևանում։ Այն տեղի է ունենալու նոյեմբերի 10-12-ը։ Գուցե հասցնե՞ք պատրաստվել և մասնակցել։
- Իսկապե՞ս։ Չգիտեի, անպայման կհետաքրքրվեմ (ծիծաղում է)։ Նշեմ նաև, որ Դուբայի մեր ակումբում ունենք ջիուջիթսուի լավ մարզիչ։ Կփորձեմ նաև այդ մարտարվեստը յուրացնել, քանի որ հետագայում մտադիր եմ մասնակցել առանց կանոնների մարտերի։ Դիտարկում եմ նաև բաց բռունցքներով («գոլիյե կուլակի») ձեռնամարտի մրցումների մասնակցելու հնարավորությունը։ Այդ մարզաձևը շատ տարածված է Ռուսաստանում, բայց աստիճանաբար ճանաչում է ձեռք բերում նաև Դուբայում, որտեղ արդեն անցկացրել են առաջին մեծ շոուն։
- Ո՞րն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում ձեր ամենաբաղձալի նպատակը։
- Երազում եմ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոնուհի՝ նվաճել բոլոր կազմակերպությունների չեմպիոնական գոտիները։ Երազանքներիցս մեկն արդեն իրականացրել եմ՝ դարձել եմ WBC-ի վարկածով մինչև 24 տարեկանների չեմպիոնուհի։ Մարտին նվաճածս WIBA-ի գոտին մեծահասակների մրցանակ է։ Դրա պաշտպանությունն ինձ հնարավորություն կտա աստիճանաբար բարձրանալ վարկանիշային սանդղակում։ Ասեմ, որ մարտահրավեր եմ նետել 3-4 մարզուհիների, որոնք ամեն կերպ խուսափում են ինձ հետ մենամարտելուց։ Նրանցից մեկը Իրանից է՝ 8-րդն է համաշխարհային սանդղակում։ Մյուսը՝ Հնդկաստանից է։ Իմ մարզումային մրցակիցներից մեկն է, որն ունի WBC International չեմպիոնի գոտի։ Այդ բռնցքամարտիկները պետք է կես տարին մեկ պաշտպանեն տիտղոսը, բայց իրենց մենեջերներն ու պրոմոութերները չեն ցանկանում, որ դա տեղի ունենա ինձ հետ մենամարտում։ Գիտեն, որ կհաղթեմ և կնվաճեմ իրենց գոտին։ Նույնիսկ, ասել եմ, որ պատրաստ եմ մենամարտել՝ անկախ հոնորարի չափից։ Ինչ արած՝ բռնցքամարտը բիզնես է։
- Ինչպիսի՞ բիզնես է։ Հայաստանի գյուղական բնակավայրում ծնված աղջիկը կարո՞ղ է իր տեղը գտնել այդ բիզնեսում։
- Դա հնարավոր է, բայց հենց սկզբից պետք է ունենալ հովանավորներ, շատ լավ պրոմոութեր ու մենեջեր, որպեսզի չխաբեն։ Բռնցքամարտը, մեղմ ասած, այնքան էլ մաքուր մարզաձև չէ։ Հատկապես՝ պրոֆեսիոնալը։ Շատ դժվարությունների միջով եմ անցել։ Քեզ անընդհատ փորձում են խաբել։ Սակայն հիմա ունեմ շատ լավ թիմ, շատ լավ մենեջեր ու միասին շարժվում ենք առաջ։ Նրա հետ ծանոթացել ենք 2019 թվականին, երբ հերթական մենամարտն էի անցկացնում Հնդկաստանում։ Նա շատ ճանաչված մատչմեյքեր և պրոմոութեր է արաբական երկրներում, ունի շատ լավ կապեր։ Նախկինում համագործակցել եմ մի ամերիկուհու հետ, որը գումարներ յուրացնելով՝ անհետացել էր Դուբայից։ Նրա թիմում ընդամենը մեկ մենամարտ անցկացրեցի ու խզեցի պայմանագիրս։
- Ծանո՞թ եք Վազգեն Բադալյանի հանրահայտ սան Վիկ Դարչինյանին։
- Վիկին չեմ հանդիպել, բայց նա տեղյակ է իմ մասին. ընկեր Բադալյանը պատմել է։ Փոխարենը՝ Դուբայում հանդիպել եմ Արթուր Աբրահամին, որի հետ հանգամանորեն զրուցել ենք բռնցքամարտի մասին։