Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է գրանցած հաջողության մասին.
«72կգ քաշային կարգում 2021 թվականին արդեն դարձել էի աշխարհի չեմպիոն։ Շատ բարդ էր հարմարվել նոր քաշային կարգին։
Երկու տարի շարունակ վնասվածքներով էի պայքարում, և ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես ուզում էի։ Բարեբախտաբար, այս առաջնությանը լիովին պատրաստ էի՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆունկցիոնալ առումով, և Աստծո օգնությամբ կարողացա նվաճել երկրորդ ոսկին։
Կուսական մեր քաշային կարգի առաջատարներից է։ Նրան հաղթելու միակ տարբերակն ամբողջ ուժով գոտեմարտելն էր։ Կարծես այսօր իմ օրն էր՝ վստահ ու հաստատակամ աշխարհի չեմպիոն դառնալու համար։
Շատ դժվար է լինելու պահել այս հաջողությունը։ Պետք է ճիշտ մարզվեմ, կարգապահ լինեմ, որպեսզի պաշտպանեմ չեմպիոնի կոչումը։
Անկեղծ, այս պահին դեռ չեմ գիտակցում` ինչ հաջողության եմ հասել։ Կարծում եմ՝ հայրենիք վերադառնալուց հետո կհասկանամ»,- ասել է 26-ամյա ըմբիշը։
Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը` Նաո Կուսական նույնպես խոսել է վճռորոշ գոտեմարտի մասին.
«Նախորդ անգամ Խորվաթիայում էի պարտվել։ Զգում եմ, որ այժմ լավագույն մարզավիճակում չեմ։
Դրանից բացի, այս անգամ ոչ թե նվազագույն հաշվով պարտվեցի, այլ տեխնիկապես զիջեցի, ու ինձ մնում է միայն ընդունել այդ փաստը։ Պետք է շարունակեմ առաջադիմել։ Ինձ ասում են, որ դեռ ունեմ բարելավելու տեղ։
Նման մրցակից ունենալը մեծ հնարավորություն է։ Կարող եմ մարզվել՝ միշտ նրան մտքում պահելով, և վստահ եմ, որ հաջորդ անգամ անպայման կհաղթեմ։
Միշտ մտադրված եմ միավորներ չտալ մրցակցին, բայց այս անգամ չստացվեց։ Սխալ թույլ տվեցի պաշտպանության ժամանակ, դիպա մրցակցի ոտքին, ինչի պատճառով նա լրացուցիչ միավորներ ստացավ։ Դա ամենավատ սցենարն էր»,- ասել է Օլիմպիական գործող չեմպիոնը։
Մալխաս Ամոյանն աշխարհի առաջնության եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել էր Կուսակային։
Կարդացեք նաև՝
- «Գերազանց ելույթ». UWW-ն` Ամոյանի չեմպիոնության մասին
- Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի և պարգևատրման արարողության տեսանյութը
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


