«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում Լոնդոնի «Տոտենհեմից» կրած պարտությունը 3-4 հաշվով:
«Երկրորդ կեսի մեկնարկում անջատվեցինք, իսկ դա ծանր հետևանք ունեցավ: Եթե նայենք ամբողջ խաղը, ապա մենք ավելի լավ թիմ էինք, սակայն մրցակիցը սառնասիրտ էր: Պարտվեցինք, բայց տղաների պայքարելու ձգտումն ինձ համար շատ կարևոր է:
Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, գնդակով արդեն ավելի հարմար ենք զգում մեզ: Թիմը գնալով կատարելագործվում է, իսկ մեր նպատակը Պրեմիեր լիգան հաղթելն է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության էր հասել գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, իսկ հանդիպումից հետո Ամորիմը հայտարարել էր, որ խաղային առումով թիմն առաջընթաց է գրանցել:


