Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։
Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), իսկ 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ գտնվեց մեքսիկացի Ալեքսիս Բենիտես Կաստրոյից։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը 23-ամյա Ամոյանը կվիճարկի ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ։
Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ։
Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի ղրղզ Ազատ Սալիդինովի հետ գոտեմարտով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։