Փիթեր Լավիոլետի գլխավորությամբ «Ռեյնջերսը» չեմպիոնության առաջին փորձը ձախողեց, սակայն նյույորքցիներին հաջողվեց հասնել կոնֆերենցիայի եզրափակիչ: Նոր մրցաշրջանից առաջ չեմպիոնության գլխավոր ֆավորիտների շարքում կրկին MSG-ի ներկայացուցիչներն էին, և 2024/25 մրցաշրջանի մեկնարկում «Ռեյնջերսը» շարունակեց վստահ ելույթները. 17 խաղ, 12 հաղթանակ, և Լավիոլետի թիմը հայտնվեց արևելքի առաջատարների շարքում։
Սակայն հաջորդ 17 հանդիպումներում նույնը շարունակել Blushirts-ին չհաջողվեց, ու նյույորքյան ակումբը հաղթեց ընդամենը 4 խաղ:
Ցավոք, միայն այսքանը չէր սպասում Սթենլիի գավաթի քառակի տիրակալների երկրպագուներին: Անհաջող շարքին հաջորդեց երկու աղմկահարույց գործարք: Ակումբը որոշեց «թրեյդել» թիմի ավագ Ջեյքոբ Տրուբային ու Կաապո Կակոյին:
«Երեկ (դեկտեմբերի 4, 2024թ., խմբ.) առավոտյան ինձ ասացին՝ կա՛մ ընդունիր այս թրեյդը, կա՛մ մենք քեզ թույլ չենք տա սառույց վերադառնալ։ Ես պատասխանեցի՝ լավ: Հետո ավելացրին՝ կա՛մ ընդունում ես այս թրեյդը, կա՛մ քեզ թողնում ենք դրաֆթի մերժումների ցուցակում։ Նորից ասացի՝ լավ։ Ես հասկացել եմ՝ MSG-ից «հեռացնելը» դարձել է ծես»:
Ջեյքոբ Տրուբա. «Կարծում եմ՝ ամեն ինչ կարելի էր լավ կազմակերպել: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, պարզապես պետք չէր նման կերպ վերջակետ դնել: Ես շնորհակալ եմ խաղընկերներիս հրաշալի հիշողությունների համար»:
Կաապո Կակո. «Պատրաստ եմ ամեն ինչ սկսել նորից: Սա հենց այն է, ինչ ինձ պետք էր այս պահին։ «Ռեյնջերսում» անցկացրածս տարիները հիանալի էին, բայց չեղավ այնպես, ինչպես մենք էինք ուզում»:
Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՎ «ՌԵՅՆՋԵՐՍԸ»
Ջեյքոբին «թրեյդելու» գլխավոր նպատակը կազմում հսկայական տեղ ազատելն էր, և «Ռեյնջերսը» կարողացավ լուծել այդ խնդիրը: Սակայն ի՞նչ ստացավ Քրիս Դրուրին:
«Ռեյնջերսին» միացավ Ուրո Վականայնենը, որին ընտրեց «Բոսթոնը» 2017 թվականի դրաֆթի 18-րդ համարով: 2022-ին Համպուս Լինդհոլմի թրեյդի արդյունքում Վականայնենը տեղափոխվեց «Անահայմ»: 26-ամյա պաշտպանի կարիերայի երրորդ կանգառը Նյու Յորքն էր: Դրուրին շահեց այս թրեյդում, քանի որ Ուրոն երիտասարդ է և, ամենակարևորը, «Ռեյնջերսը» ֆինն հոկեյիստին կվճարի ընդամենը 1,1 միլիոն դոլար աշխատավարձ:
Կապո Կակոյի համար «Ռեյնջերսը» «Սիեթլից» ստացավ երկու դրաֆթի ընտրության հնարավորություն ու 28-ամյա Ուիլ Բորգենին: Ամերիկացի պաշտպանի ճակատագիրը «Ռեյնջերսում» պայմանավորված է առաջիկա ամիսների արդյունքներով:
ԿԳՏՆՎԵ՞Ն ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Խնդիրներն ակումբի ներսում ժամանակի հետ ավելի են շատանում: Ամերիկյան մի շարք պարբերականներ նշում են, որ խնդիրը մարզչական շտաբի հետ չէ, այլ լարվածություն կա թիմի գլխավոր մենեջեր Քրիս Դրուրիի հետ:
Լավիոլետը նախորդ մրցաշրջանի մեկնարկում միացավ «Ռեյնջերսին» ու առաջին տարում թիմի հետ նվաճեց նախագահական գավաթը: Հասկանալի է, որ դա չէ գլխավոր նպատակը, ու ամերիկացի 60-ամյա մասնագետին թիմ հրավիրելու միակ նպատակը չեմպիոնությունը հարազատ քաղաք վերադարձնելն է:
Մեկ բան հստակ է՝ թրեյդային պատուհանի փակվելուց առաջ բոլորը սպասելու են Լավիոլետի ու Դրուրիի խոսքին. միգուցե հենց դա լինի երկու ամերիկացի գործընկերների վերջին քայլն այս մրցաշրջանում, գուցե նաև «Ռեյնջերսում»: