Logo

«Ամենահայկական» 2-րդ թիմն ու առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:24 / 12.01.2025Հոդվածներ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1.Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակցության թվով (32 անգամ) ռեկորդակիր Գյումրիի «Շիրակը» Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածն ավարտեց 6-րդ տեղում՝ 17 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-23), ինչը հնարավոր միավորների 47 տոկոսն է:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Շիրակը» զգալի առաջընթաց է գրանցել՝ երկու անգամ ավելի շատ միավոր վաստակելով: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 17 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 12 միավոր էր վաստակել (3 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-28) և ընթանում էր մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում:

2. Առաջնության աշնանային հատվածում «Շիրակի» գործողությունները ղեկավարեցին 2 մարզիչներ: Մեկնարկային 9 խաղերում թիմի գլխավոր մարզիչն  Արսեն Հովհաննիսյանն էր, որի օրոք շիրակցիներն ընդամենը 10 միավոր վաստակեցին (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 6-17), ինչը հնարավոր միավորների 37 տոկոսն է:

Արսեն Հովհաննիսյանը թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 5-րդ տուրից՝ փոխարինելով էդգար Թորոսյանին: Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» Fastex Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ 41 խաղ է անցկացրել (10 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-55)՝ վաստակելով հնարավոր միավորների 32,5 տոկոսը:

Աշնանային հատվածի վերջին 8 խաղերում «Շիրակի» գործողությունները ղեկավարեց Ռաֆայել Նազարյանը, որի օրոք գյումրեցիները 14 միավոր վաստակեցին (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-6), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի առաջնություններում «Շիրակը» գլխավորած ընդամենը 8-րդ մարզիչն է: Ռեկորդակիրը փորձառու մասնագետ Անդրանիկ Ադամյանն է, որի գլխավորությամբ գյումրեցիները 1992-2004թթ. ՀՀ առաջնություններում 339 խաղ են անցկացրել (226 հաղթանակ, 56 ոչ-ոքի, 57 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 884-296)՝ վաստակելով հնարավոր միավորների 72,1 տոկոսը:

3. Որքան էլ որ տարօրինակ է, «Շիրակն» ավելի հաջող խաղաց մրցակիցների դաշտում՝ 9 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-11), ինչը հնարավոր միավորների 59,2 տոկոսն է:

Հյուրընկալվելիս գյումրեցիները հաղթել են ԲԿՄԱ-ին (2-0), «Արարատին» (2-1), «Գանձասարին» (2-1), «Ալաշկերտին» (3-1) և «Ուրարտուին» (2-1):

Իսկ ահա Գյումրիում անցկացրած 8 հանդիպումներում «Շիրակի» օգտին ընդամենը 8 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 3-12), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Ընդ որում սեփական դաշտում Արսեն Հովհաննիսյանի օրոք անցկացրած առաջին 4 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին («Նոա»՝ 0-5, «Վան»՝ 0-2, «Ուրարտու»՝ 0-2, «Ալաշկերտ»՝ 0-0):

Եվ միայն հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացրած 5-րդ խաղում, որում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ռաֆայել Նազարյանը, «Շիրակին» հաջողվեց վերջապես հաղթանակ տոնել՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ-Արմենիայի» դարպասը: Այդպիսով, ընդհատվեց սեփական դաշտում թիմի կրած 6 անընդմեջ պարտությունների շարքն ու 565 րոպե տևած գոլային երաշտը:

Գյումրիում նախորդ հաղթանակը շիրակցիները տարել էին 2023/24թթ. առաջնությունում՝ ապրիլի 27-ին Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով «Նոային»:

4. «Շիրակն» Արսեն Հովհաննիսյանի օրոք 4 անընդմեջ պարտություն կրեց, 5 խաղ շարունակ հաղթանակ չտոնեց, 531 րոպե անընդմեջ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Իսկ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ գյումրեցիները 5 անպարտելի խաղերի շարք գրանցեցին:

17 հանդիպումներից 6-ում շիրակցիները սեփական դարպասն անառիկ պահեցին, 10-ում գյումրեցիներին չհաջողվեց գոլ խփել:

«Շիրակը» խոշոր հաշվով 3 պարտություն կրեց՝ զիջելով «Նոային» (0-5) և «Արարատ-Արմենիային» (0-4, 0-3): Թիմի օգտին նման կարգի հաղթանակ չգրանցվեց:

Նոյեմբերի 4-ին «Ալաշկերտի» դարպասը Սեդրիկ Դոյի խփած առաջին գնդակը  Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» հոբելյանական՝ 1450-րդ գոլն էր: Այդ ցուցանիշով «Շիրակը» Հայաստանի առաջնություններում 2-րդն է «Փյունիկից» հետո:

Իսկ նոյեմբերի 20-ին «Ուրարտուի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակը Հայաստանի առաջնություններում 400-րդն էր: Այդ ցուցանիշով «Շիրակը» ևս զիջում է միայն «Փյունիկին»:

5. «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ 2 հարվածները դիպուկ են իրացրել Մորի Կոնեն և Ռազմիկ Հակոբյանը՝ գրավելով համապատասխանաբար արարատցի Տիագո Գոմեսի և «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասները:

Դարկո Վուկաշինովիչի դարպասին նշանակված 11մ 3 հարվածները դիպուկ են իրացրել արարատցի Մուսա Կանտեն, փյունիկցի Եվգենի Կոչուկը և «Արարատ- Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը:

6. Արդյունավետությամբ «Շիրակն» առաջնության մասնակից թիմերից գերազանցեց միայն «Ալաշկերտին» և «Գանձասարին»՝ անցկացրած 17 հանդիպումներում խփելով ընդամենը 14 գոլ, որոնց հեղինակներ դարձան թիմի 7 ֆուտբոլիստներ:

Առավել արդյունավետ գործեց «Շիրակի» նորեկ Ռազմիկ Հակոբյանը՝ խփելով 4 գոլ:

Իսկ Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնական Մորի Կոնեն իր օգտին 3 գոլ գրանցեց: Կոնեն թիմի կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով (30) հավասարվեց ռեկորդակիր Մուսա Փոլ Բակայոկոյին:

7. Առաջնության աշնանային հատվածում «Շիրակի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Ողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր Դարկո Վուկաշինովիչի վրա, որը 16 հանդիպումներում 23 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,43 գոլ), 5 խաղում դարպասն անառիկ պահեց:

«Փյունիկի» հետ հաղթական խաղում (1-0) դարպասում Սոկրատ Հովհաննիսյանն էր:

8. Առաջնության աշնանային հատվածում շիրակցիներից ամենատարեցը Հրայր Մկոյանն էր, որը դեկտեմբերի 2-ին «Վանի» հետ կայացած խաղում 38 տարեկան 91 օրական էր: «Շիրակի» ավագը նաև ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն էր: Նա Հայաստանի առաջնություններում «Շիրակում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում է՝ զիջելով միայն Հովհաննես Թահմազյանին (41 տարեկան 207 օրական) և Գևորգ Կասպարովին (40 տարեկան 140 օրական):

Եվս երկու ցուցանիշով Մկոյանը թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն է: Թիմի ներկայիս կազմից նա բոլորից շատ խաղ է անցկացրել ՀՀ առաջնություններում հայկական ակումբներում (369) և «Շիրակում» (164):

Սեպտեմբերի 14-ին «Ուրարտուի» հետ կայացած առաջնության հանդիպումը հիշարժան էր Մկոյանի համար, որը հայկական ակումբներում ու Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց: Առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» ավագին մի նոր նշանակալի իրադարձություն է սպասում՝ 600-րդ խաղը ֆուտբոլային կարիերայում: Առայժմ Մկոյանն իր կարիերայում 595 խաղ է անցկացրել:

9. Առաջնության աշնանային հատվածում թիմում ելույթ ունեցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Ալբերտ Գարեգինյանն էր, որն օգոստոսի 17-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճում նորամուտը նշել էր 15 տարեկան 288 օրականում՝ 88-րդ րոպեին փոխարինելով Մորի Կոնեին:

Նա դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էմիլ Պապիկյանի ցուցանիշը, որը 2023թ. գյումրեցիների կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 16 տարեկան 125 օրականում:

Ալբերտ Գարեգինյանը փյունիկցի Ժիրայր Աշիկյանի հետ ընթացիկ առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Պատանի շիրակցին ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Լոռիի» նախկին ֆուտբոլիստ Կորյուն Բաբայանը, որը 2001թ. Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 14 տարեկան 239 օրականում:

10. Առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում մարզիչներն ասպարեզ հանեցին 25 ֆուտբոլիստների, որոնցից միայն 6-ն էին այլազգի: Այնպես որ «Շիրակը» ԲԿՄԱ-ից հետո առաջնության «ամենահայկական» 2-րդ թիմն է:

4 ֆուտբոլիստներ՝ Ռազմիկ Հակոբյանը, Ալբերտ Գարեգինյանը, Հովհաննես Փահլևանյանը և Գագիկ Ակուլյանն առաջնությունում նորամուտը նշեցին «Շիրակում»: 3 ֆուտբոլիստներ մասնակցեցին բոլոր 17 հանդիպումներին, որոնցից Ալեքսա Վիդիչը հանդես եկավ առանց փոխարինման:

«Շիրակն» առաջնության միակ թիմն է, որի ֆուտբոլիստները կարմիր քարտի չեն արժանացել: Գյումրեցիները 46 անգամ զգուշացվել են: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտ է ստացել Լևոն Դարբինյանը:

FastNews-ը ներկայացնում է «Շիրակի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Սեդրիկ Դո

17

2

3

2. Ռաֆիկ Միսակյան

17

1

4

3. Ալեքսա Վիդիչ

17

1

5

4. Դարկո Վուկաշինովիչ

16

-23

-

5. Մաջիկո Ջունիոր Տրաորե

16

-

3

6. Ռազմիկ Հակոբյան

15

4

2

7. Հրայր Մկոյան

15

-

1

8. Ռուդիկ Մկրտչյան

15

-

4

9. Ռոբերտ Դարբինյան

15

-

5

10. Դոնալդ Կոդիա

14

2

3

11. Համլետ Մնացականյան

14

-

3

12. Լյովա Մրյան

13

1

-

13. Սերյոժա Ուռուշանյան

12

-

5

14. Ալբերտ Գարեգինյան

10

-

1

15. Լևոն Դարբինյան

10

-

6

16. Մորի Կոնե

9

3

1

17. Սերգեյ Մանուկյան

9

-

-

18. Տիգրան Սումբուլյան

5

-

-

19. Սամվել Ղուկասյան

4

-

-

20. Ալբերտ Դարբինյան

2

-

-

21. Էմիլ Պապիկյան

2

-

-

22. Հովհաննես Փահլևանյան

2

-

-

23. Գագիկ Ակուլյան

1

-

-

24. Յուրի Վարդանյան

1

-

-

25. Սոկրատ Հովհաննիսյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ