Logo

Ամենաերիտասարդ թիմն ու առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը. ԲԿՄԱ-ի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:40 / 14.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք ԲԿՄԱ-ին:

1. Բարձրագույն խմբում իր հոբելյանական՝ 5-րդ մրցաշրջանն անցկացնող ԲԿՄԱ-ն Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածն ավարտեց 7-րդ տեղում՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 29-33), ինչը հնարավոր միավորների 39,2 տոկոսն է: 

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ ԲԿՄԱ-ն 4 միավոր ավելի է վաստակել: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում բանակայինները 16 միավորով (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-33) 7-րդ տեղում էին:

2. Սեփական դաշտում անցկացրած 9 հանդիպումներում ԲԿՄԱ-ն ընդամենը 10 միավոր վաստակեց (3 հաղթանակ,1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-14), ինչը հնարավոր միավորների 37 տոկոսն է: 

Սեփական դաշտում ԲԿՄԱ-ն պարտվել է «Շիրակին» (0-2), «Նոային» (1-2), «Վանին» (0-1), «Փյունիկին» (1-2) և «Արարատ-Արմենիային» (2-4):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում բանակայինների օգտին 10 միավոր գրանցվեց (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 19-19), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է: 

Մրցակցի դաշտում ԲԿՄԱ-ն հաղթել է «Վեստ Արմենիային» (5-2), «Գանձասարին» (6-1) և «Վանին» (3-2): 

3. ԲԿՄԱ-ն առաջնության աշնանային հատվածում 4 անընդմեջ պարտություն կրեց: 17 հանդիպումներից միայն մեկում թիմի դարպասն անառիկ մնաց՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ալաշկերտին»: 4 խաղում էլ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները: 

ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 2 հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով «Վեստ Արմենիայի» (5-2) և «Գանձասարի» (6-1) նկատմամբ: Խոշոր հաշվով միակ պարտությունը բանակայինները կրեցին «Փյունիկից»՝ 1-4:

4. ԲԿՄԱ-ի մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 12 հարված, որից իրացվել է 9-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 5 հարվածներից միայն մեկը նպատակին չի հասել. Նարեկ Հովհաննիսյանի հարվածը հետ է մղել փյունիկցի Հենրի Ավագյանը:

Արայիկ Էլոյանը դիպուկ է իրացրել 3 հարվածներն էլ՝ գրավելով Ալեքսեյ Պլոշադնիի («Նոա»), արարատցի Տիագո Գոմեսի և Դանիիլ Պոլյանսկու («Վան») պաշտպանած դարպասները: Դավիթ Հակոբյանն էլ խոցել է Ալեքսանդր Մելիխովի («Ուրարտու») պաշտպանած դարպասը:

Թիմի դարպասին նշանակված 11մ 7 հարվածներից դիպուկ են իրացվել 5-ը: Արման Ներսեսյանը հաղթող է դուրս եկել Արթուր Սերոբյանի («Արարատ-Արմենիա») և գանձասարցի Աշոտ Քոչարյանի հետ մենամարտերում:

Իսկ Զախար Տարասենկոն («Վեստ Արմենիա»), Մաթեուս Այասը («Նոա»), արարատցի Մուսա Կանտեն, փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն և գանձասարցի Ուսման Ֆայեն մեկական անգամ գրավել են Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը: 

5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում ԲԿՄԱ-ն 29 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ, մեկական անգամ էլ սեփական դարպասը գրավեցին «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը և «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը: 

Գոռ Առաքելյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Պետիկ Մանուկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Դավիթ Հակոբյանն ու Լևոն Բաշոյանը բացեցին գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում: 

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Արայիկ Էլոյանը՝ անցկացրած  17 հանդիպումներում խփելով 6 գոլ: Նա ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստն է: Էլոյանը ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ում խփած 10 գոլով եզրափակում է թիմի պատմության լավագույն ռմբարկուների եռյակը: Ցանկը 16 գոլով գլխավորում է ներկայումս «Նոայում» հանդես եկող Գրենիկ Պետրոսյանը, որին հաջորդում է 11 գոլի հեղինակ դարձած Դանիել Աղբալյանը:

2024թ. օրացուցային տարում առաջնությունում խփած 8 գոլով 20-ամյա Էլոյանն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Միքայել Միրզոյանի, Գրենիկ Պետրոսյանի և Արթուր Սերոբյանի ռեկորդային ցուցանիշը, որոնք այդ տարիքում թիմի կազմում 3-ական գոլ էին խփել:

6. Նարեկ Հովհաննիսյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Օգոստոսի 9-ին կայացած խաղում նա «Վեստ Արմենիայի» դարպասը գրավել էր 18 տարեկան 3 օրականում՝ դառնալով դուբլի հեղինակ: Հովհաննիսյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի ցուցանիշը, որը 2021թ. սեպտեմբերի 27-ին «Ալաշկերտի» հետ կայացած առաջնության խաղում ԲԿՄԱ-ում գոլի հեղինակ էր դարձել 18 տարեկան 87 օրականում:

18-ամյա Նարեկ Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (33) տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Միսակ Հակոբյանի ռեկորդային ցուցանիշը (29 խաղ):

Պետիկ Մանուկյանը (18 տարեկան 280 օրական) և Լևոն Բաշոյանն (18 տարեկան 329 օրական) ընդգրկվեցին Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով 23-ամյա Արման Ներսեսյանը (77 խաղ) տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Գրենիկ Պետրոսյանի ցուցանիշը (73): Իսկ 24-ամյա Արամ Խամոյանը (87 խաղ) բարելավեց Դանիել Աղբալյանի տարիքային ռեկորդը (79):

7. Առաջնության աշնանային հատվածում ԲԿՄԱ-ի դարպասի պաշտպանությունը վստահվել էր Արման Ներսեսյանին, որն անցկացրած 17 հանդիպումներում 33 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,94 գոլ), ընդամենը մեկ անգամ դարպասն անառիկ պահեց:

8. Առաջնության աշնանային հատվածում ԲԿՄԱ-ի ամենատարեց ֆուտբոլիստը 32-ամյա Արգիշտի Պետրոսյանն էր: «Գանձասարի» հետ դեկտեմբերի 5-ին կայացած առաջնության աշնանային հատվածի ավարտական խաղում փորձառու պաշտպանը 32 տարեկան 50 օրական էր: Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում խաղացած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստն է Հայկ Իշխանյանից հետո: Վերջինս բանակայինների կազմում իր վերջին խաղն անցկացրել է 34 տարեկան 48 օրականում:

18-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, Պետիկ Մանուկյանը, Ալյոշա Խաչատրյանն ու Արթուր Ասկարյանն առաջնության աշնանային հատվածում ԲԿՄԱ-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին:

Իսկ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Դավիթ Հակոբյանն է, որը թիմի կազմում նորամուտը նշել էր 16 տարեկան 201 օրականում՝ մասնակցելով  2022թ. փետրվարի 26-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպմանը: 

9. ԲԿՄԱ-ի կազմում Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով (110) թիմի ռեկորդակիր Դանիել Աղբալյանը դարձավ 100 խաղի սահմանագիծը հատած ակումբի առաջին ֆուտբոլիստը: Բանակայինների մարզահագուստով հոբելյանական՝ 100-րդ խաղն Աղբալյանն անցկացրել է սեպտեմբերի 25-ին «Ուրարտուի» հետ մրցավեճում:

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (248) ԲԿՄԱ-ի ամենափորձառու ֆուտբոլիստն Արգիշտի Պետրոսյանն է:

10. Առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում Արմեն Գյուլբուդաղյանցն ասպարեզ դուրս բերեց 24 ֆուտբոլիստների: ԲԿՄԱ-ն միակ թիմն է, որի կազմում լեգեոնականներ ընդգրկված չեն: Թիմի ֆուտբոլիստների միջին տարիքը 20,2 է: Այդ ցուցանիշով ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնության ամենաերիտասարդ թիմն է: Հետաքրքիր է, որ եթե 32-ամյա Արգիշտի Պետրոսյանը բանակայինների կազմում ընդգրկված չլիներ, ապա թիմի ֆուտբոլիստների միջին տարիքը կլիներ 19,7:

Միշել Այվազյանը, Լևոն Բաշոյանը, Սուրեն Ծառուկյանը, Վարդան Թովմասյանը, Ալյոշա Խաչատրյանը և Արթուր Ասկարյանը նորամուտը նշեցին ԲԿՄԱ-ի կազմում:

Առաջնության հանդիպումներում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները 35 անգամ զգուշացվել են, Արգիշտի Պետրոսյանն էլ հեռացվել է խաղադաշտից: Հենց նա էլ առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել: 

FastNews-ը ներկայացնում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում: 

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Արայիկ Էլոյան

17

6

4

2. Նարեկ Հովհաննիսյան

17

4

1

3. Լևոն Բաշոյան

17

3

3

4. Դանիել Աղբալյան

17

3

2

5. Արման Ներսեսյան

17

- 33

-

6. Գոռ Առաքելյան

17

2

3

7. Կառլեն Հովհաննիսյան

17

2

2

8. Միսակ Հակոբյան

16

3

1

9. Պետիկ Մանուկյան

15

1

-

10. Արգիշտի Պետրոսյան

15

-

6 (1)

11 Էդիկ Վարդանյան

15

-

1

12. Մարկ Ավետիսյան

14

-

5

13. Դավիթ Հակոբյան

13

3

-

14. Վյաչեսլավ  Աֆյան

13

-

-

15. Արամ Խամոյան

10

-

1

16. Միշել Այվազյան

9

-

2

17. Ալյոշա Խաչատրյան

6

-

-

18. Ռուբեն Աբրահամյան

5

-

2

19. Համլետ Սարգսյան

4

-

-

20. Մհեր Թառլոյան

4

-

-

21. Արթուր Ասկարյան

4

-

1

22. Վարդան Թովմասյան

3

-

-

23. Սուրեն Ծառուկյան

3

-

1

24. Նարեկ Ջանոյան

3

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա