Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստներին:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել ցուցակում։ 41-ամյա թենիսիստը վերջին 12 ամիսների ընթացքում կորտում ոչինչ չի վաստակել. ամբողջ՝ 90 միլիոն դոլարը գովազդներից և հովանավորչական պայմանագրերից է ստացել:
Ֆեդերերին երկրորդ տարին անընդմեջ հաջորդել է Նաոմի Օսական։ Ճապոնուհու եկամուտը կազմել է 56,2 միլիոն դոլար, որից միայն 1,2 միլիոնն է վաստակել մրցաշարերից:
Երրորդ տեղը նույնպես երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է 40-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (35,1 միլիոն դոլար):
Ամենաբարձր վարձատրվող թենիսիստների հնգյակում ընդգրկվել են նաև իսպանացի Ռաֆայել Նադալը (31,4 միլիոն դոլար) և սերբ Նովակ Ջոկովիչը (27,1 միլիոն դոլար):
Վարկանիշում առաջին անգամ տեղ է գտել բրիտանացի Էմմա Ռադուկանուն է: 19-ամյա թենիսիստուհին 21,1 միլիոն դոլարով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Աշխարհի առաջին ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը երրորդ տարին անընդմեջ ընգրկվել է լավագույն տասնյակում: 26-ամյա Մեդվեդևը 7-րդն է, նրա տարեկան եկամուտը կազմել է 19,3 միլիոն դոլար: Ընդհանուր եկամուտից միայն 7,3 միլիոն դոլարն է Մեդվեդևը վաստակել կորտում գրանցած հաջողությունների շնորհիվ:
Թոփ-10-ը եզրափակում են ճապոնացի Կեյ Նիսիկորին (13,2 միլիոն դոլար), ամերիկուհի Վինուս Ուիլյամսը (12 միլիոն դոլար) և իսպանացի Կառլոս Ալկարասը (10,9 միլիոն դոլար):


