Logo

Ամառային արձակուրդները ՀՊԼ-ում. Ինչպես անցան նախապատրաստական շրջանը հայկական թիմերը (Մաս 1)

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
09:40 / 11.08.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնությունը թափ է հավաքում և, իհարկե, աստիճանաբար առանձնանալու են առաջատարներն ու հետնապահները: VNews-ն անդրադառնում է Հայաստանի առաջնության մասնակիցների նախապատրաստական շրջանին և ակումբների համալրումներին: Առաջին մասում առանձնացրել ենք նախորդ առաջնության հաջողակներին, որոնք հնարավորություն էին ստացել ներկայացնել Հայաստանը եվրագավաթներում, և նոր մրցաշրջանում ևս լինելու են առաջնության հիմնական տոն տվող թիմերը:

Եվրագավաթներին պատրաստվող թիմերը բոլորից շուտ համալրեցին իրենց կազմերը, իսկ եվրոպական մրցաշարերի մեկնարկից հետո արդեն հատուկենտ տեղափոխություններ են իրականացնում: Ընդհանրապես, այս միջմրցաշրջանն առնաձնացավ նրանով, որ եվարագավաթների մասնակիցների կազմերում շատ ցնցումներ չեղան, ինչը հատուկ չէր հայկական թիմերին: Դա ուրախացնող է, և եվրագավաթներում թիմերի հարաբերական հաջող ելույթների հիմնական պատճառներից է:

«Ուրարտու»

Դմիտրի Գունկոյի թիմը հիմնականում պահպանեց չեմպիոնական հիմնական կազմի կորիզը, սակայն ունեցավ մեկ շատ նշանակալի կորուստ․ հեռացավ թիմի առաջատարը՝ Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ուգուչուկվու Իվուն, որը միացել է Կազանի «Ռուբինին»։ Այդ կորուստը հատկապես նշանակալի է Սերգեյ Մկրտչյանի վնասվածքի ֆոնին։ Կենտրոնական կիսապաշտպանը շատ լավ մրցաշրջան էր անցկացնում, սակայն խաչաձև կապանների վնասվածքը նրան շարքից դուրս թողեց տևական ժամանակով։ Մկրտչյանը դեռ լիարժեք չի ապաքինվել, բուժումից հետո էլ դեռ հարց է՝ որքան ժամանակ կպահանջվի անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելու համար։ Բրազիլացի Էդուարդոյի և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պավել Մոգիլևեցի տրանսֆերները կանչված են լրացնելու կիսապաշտպանությունում առաջացած բացերը, սակայն նրանց դեռ ժամանակ է հարկավոր թիմին հարմարվելու համար, ու դեռ պարզ չէ՝ որքանով նրանք կկարգավորեն թիմի խաղը կենտրոնում։ Նաև կարևոր է, որ թիմը եվրագավաթային ձախողումից հետո արագորեն ուշքի գա ու կարողանա իր խաղը գտնել Հայաստանի առաջնությունում: Իհարկե, եվրագավաթներից դուրս մնալը լուրջ հարված էր ակումբի հեղինակությանը, հատկապես՝ սեփականատիրոջ հայտարարություններից հետո, որ թիմի համար ձախողում կլինի պարզապես Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելը:

Ուգոչուկվու Իվու-Ռուբին-2023

Թիմի մյուս կորուստներից կարելի է առանձնացնել Դավիդ Խուրցիձեի տեղափոխությունն «Ալաշկերտ»։ Խուրցիձեն Հայաստանի առաջնության մակարդակով բավականին բարձրակարգ խաղացող է, սակայն անդառնալի կորուստ չէ։ Նույնը կարելի է ասել թիմից հեռացած մյուս ֆուտբոլիստների՝ Վադիմ Պարամոնովի, Մաքսիմ Մայրովիչի, Դմիտրի Խլյոբասի մասին։ Դժվար թե մեծ ազդեցություն ունենա նաև «Արարատ-Արմենիայի» հետ պահեստային դարպասապահների՝ Արսեն Բեգլարյան - Դմիտրի Աբակումով փոխանակությունը։

Ինչ վերաբերում է համալրումներին, ապա այստեղ առանձնանում է սերբ եզրային պաշտպաններ Պերիշա Պեկուշիչի և Ուրոշ Ստոյանովիչի ժամանումը։ Թեև պաշտպանության եզրերը «Ուրարտուի» թույլ կողմերից չէին, սակայն Ժիրայր Մարգարյանին ու հատկապես Նանա Անտվիին առողջ մրցակցությունը ոչ միայն պետք է չխանգարի, այլև՝ կօգնի։ Եվրագավաթային հանդիպումներում և առաջնության մեկնարկում լավ տպավորություն է թողնում մյուս ռուս նորեկը՝ հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն։ 

Ուրարտու-Արարատ-Արմենիա

Խոսելով «Ուրարտուի» մասին՝ պետք չէ մոռանալ, որ ակումբի մարզադպրոցը վերջին տարիներին լավ կադրեր է նախապատրաստում հիմնական թիմի համար, ու ելույթները պետք է դիտարկել նաև երիտասարդ սաների զարգացման տեսանկյունից։ Այդ առումով հատկանշական է Միքայել Միրզոյանի վերադարձը ԲԿՄԱ-ից։ Եթե Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը կարողացավ ամրապնդվել հիմնական կազմում, ապա դա լուրջ համալրում կարող է լինել նաև Հայաստանի հավաքականի համար։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաև երիտասարդ պաշտպաններ Էրիկ Փիլոյանն ու Արման Ղազարյանը, կիսապաշտպաններ Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանն ու վնասվածքից ապաքինված Սերգեյ Մկրտչյանը։

Եվ, իհարկե, առանձին պետք է անդրադառնալ Արաս Օզբիլիսին։ Վերջինիս ոչ ստանդարտ մտածելակերպը խաղադաշտում առանձնացնում է իրեն մյուս թիմակիցներից։ Արասի ներկայությամբ «Ուրարտուն» մեկ թիմ է, նրա բացակայությամբ՝ մեկ այլ։ Հաշվի առնելով Օզբիլիսի վնասվածքների պատմությունը՝ հասկանալի է, որ Դմիտրի Գունկոն զգուշությամբ է մոտենում նրան խաղաժամանակ տրամադրելուն։ Կարելի է ասել, որ 33-ամյա կիսապաշտպանի հետ «Ուրարտուն» չեմպիոնության համար պայքարող թիմ է, առանց նրա՝ թիմ, որը կարող է պայքարել եվրագավաթների համար, այնպես որ, ակումբում պետք է խելացի մոտեցում ցույց տան Օզբիլիսի խաղաժամանակին, և հույս ունենան, որ թիմի երիտասարդները, տեսնելով իրենց ավագ թիմակցի խաղը, օրինակ կվերցնեն ու ապագայում նույնպես կկարողանան դաշտում իրենց ներկայությամբ փոխել թիմի խաղը։

null

«Փյունիկ»

Հայաստանի փոխչեմպիոնի միջմրցաշրջանը կարելի է իդեալական համարել, եթե չլիներ թիմի վերջին կորուստը։ Մինչև այդ երևանյան ակումբից հեռացած ֆուտբոլիստներից ոչ ոք նախորդ մրցաշրջանում երևացող դիրքերում չէր, թե՛ Ստեֆան Սպիրովսկին, թե՛ Կիրե Ռիստևսկին, թե՛ Ջոնել Դեսիրեն, թե՛ Յուրի Գարեգինյանը եղել են կազմի ռոտացիայի համար կարևոր ֆուտբոլիստներ, բայց ոչ առաջատարներ։ Փոխարենը, թիմի կազմը համալրած փորձառու կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը և Հայաստանի առաջնությանն արդեն ծանոթ հարձակվող Տաոֆիք Ջիբրիլն Եղիշե Մելիքյանի «ձեռքի տակ» կարող են լուրջ ներդրում ունենալ առաջիկա մրցաշրջանում, իսկ եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանն ու բրազիլացի հարձակվող Վագները կազմի համար խորություն կապահովեն։

Սակայն օրերս ավարտվեց սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի պայմանագիրն ակումբի հետ, և փորձառու ֆուտբոլիստը, ավելի լավ առաջարկ ստանալով «Նոայից», փոխեց ակումբային գրանցումը։ Ընդ որում, Միլկովիչը մասնակցել էր թիմի եվրագավաթային բոլոր երեք հանդիպումներին, ու նման կորուստը «Կալմարի» հետ պատասխան խաղից առաջ լուրջ խնդիրների առջև կանգնեցրեց Եղիշե Մելիքյանին։ Իհարկե, թիմում կա 4 փորձառու կենտրոնական պաշտպան՝ Սերգեյ Վակուլենկոն, Նիկիտա Բարանովը, Միխայիլ Կովալենկոն ու Անտոն Բրատկովը, սակայն Միլկովիչի դիրքերը նույնիսկ նման մրցակցության պարագայում անսասան էին։ Եթե դրան գումարենք Վակուլենկոյի արդեն երկար ձգվող վնասվածքը, ապա իրավիճակն ավելի է բարդանում։ Հայաստանի առաջնությունում կենտրոնական պաշտպանների ընտրությունը պետք է բավարար լինի, բայց եթե թիմը շարունակի ելույթները եվրագավաթներում, ապա նոր համալրման կարիք կունենա։

null

Անկախ դրանից՝ «Փյունիկը» շարունակում է մնալ նոր առաջնության չեմպիոնության գլխավոր հավակնորդը, ակումբում հաշվի են առել նախորդ մրցաշրջանի սխալները, կազմը խաղակցված է, և թիմն ունի մարզիչ, որը, միգուցե, լավագույնն է Հայաստանում՝ արդյունք ապահովելու տեսնակյունից։ Նույնիսկ Լուկա Յուրիչիչի հավանական հեռանալը սարսափելի չէ՝ հաշվի առնելով թիմի հարձակողական ներուժը։ Թիմին կարող է խանգարել միայն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալը, այդ դեպքում երկու ճակատով պայքարը կարող է դժվարացնել գործը առաջնությունում, բայց նույնիսկ այդ դեպքում «Փյունիկը» կշարունակի մնալ գլխավոր ֆավորիտներից մեկը:

«Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» վերջին 3 տարվա մեջ 5 մարզիչ փոխելուց հետո վերադարձավ փորձված տարբերակին՝ Վարդան Մինասյանին։ Թիմն առայժմ մի փոքր հանելուկ է․ կան նորեկներ, որոնք պետք է փորձեն նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ թիմին առաջ տանել, մնացել են նախորդ մրցաշրջանում իրենց լավ դրսևորած խաղացողները, իսկ կորուստները նշանակալի չեն, համենայնդեպս, հեռացած ֆուտբոլիստներից 2022/23 մրցաշրջանում ոչ ոք չի ցուցադրել այնպիսի խաղ, որ ակումբի ղեկավարությունն ափսոսանք հայտներ նրանց գնալու վերաբերյալ։ Մաիլսոն Լիման հազվադեպ էր հիշեցնում իր լավագույն տարիների մասին, Դրագան Լովրիչը և Ուգու Ֆիրմինուն, որքան էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ լինեին, «Արարատ-Արմենիայում» լավագույն որակները չցուցադրեցին։ Ի դեպ, ակումբի ղեկավարության կազմում ևս որոշ փոփոխություններ են եղել, թեև պաշտոնապես դա չի հայտարարվել։ Փոխարենը հայտարարվել է, որ այսուհետև ակումբը համագործակցելու է միայն մեկ գործակալության հետ, որն իրականացնելու է բոլոր տրանսֆերները։ Ինչ վերաբերում է նորեկներին, ապա Կասիոն ու Լեոն սկզբի համար լավ տպավորություն են թողնում, 18-ամյա Մետյու Գբոմադուն տեղափոխվել է հայերին պատկանող ռուսական «Վիստայից», որտեղ երիտասարդ ֆուտբոլիստների հետ գիտեն ինչպես աշխատել, և այդ տեսանկյունից Գբոմադուի տրանսֆերը բավականին հետաքրքիր է։ Եթե նա հարմարվի հայկական ֆուտբոլին, ապա ապագայում կարող է նույնիսկ լավ եկամուտ բերել ակումբին։

null

Հաշվի առնելով «Արարատ-Արմենիայի» հավակնությունները, կարելի է վստահ ասել, որ թիմի առջև չեմպիոնությունը վերադարձնելու խնդիր է դրված, սակայն խաղակցվածության առումով Մինասյանի կոլեկտիվը զիջում է «Փյունիկին» և «Ուրարտուին», և փորձառու մասնագետը դեռ շատ աշխատանք ունի կատարելու։ 

«Ալաշկերտ»

Չեմպիոնական հավակնությունները չի թողել նաև «Ալաշկերտը»։ Այս պարագայում գործ ունենք թե՛ չափազանց հավակնոտ ղեկավարի, թե՛ չափազանց հավակնոտ մարզչի հետ, այնպես որ, Վահե Գևորգյանի թիմը նույնպես պետք է լինի չեմպիոնական մրցավազքում: Եվրագավաթներում արժանի ելույթը ցույց տվեց, որ Գևորգյանի գաղափարները հասնում են թիմին, իսկ դա նշանակում է, որ «Ալաշկերտը» լավ հեռանկարներ ունի: 

Ամռանը թիմից հեռացան Արտակ Գրիգորյանը, Արթուր Միրանյանը, Տիմուր Ռուդոսելսկին, Ուրոշ Նենադովիչը, Ռոման Միսակը, Սևակ Ասլանյանը, Նարեկ Մանուկյանը, Իվան Պեշիչն ու Տիագո Գալվաոն, բայց նրանցից միայն Արտակ Գրիգորյանն ու Արթուր Միրանյանն էին համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Այնուամենայնիվ, 35-ամյա Գրիգորյանը Վահե Գևորգյանի գլխավորությամբ այլևս առանցքային ֆուտբոլիստ չէր կազմում, իսկ Միրանյանի հեռանալը ցավալի չէր, քանի որ «Ալաշկերտը» կարողացավ մշտական հիմունքներով պայմանագիր կնքել գարնանը թիմում վարձավճարով ելույթ ունեցած բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսի հետ: Բացի այդ, «Ալաշկերտին» միացավ վրացի հարձակվող Լևան Կուտալիան, որը, եթե հարմարվի Հայաստանի առաջնությանը, կարող է արդյունավետ խաղով օգնել Հայաստանի քառակի չեմպիոնին:

null

Արտակ Գրիգորյանի փոխարեն հակառակ ուղղությամբ «Փյունիկից» «Ալաշկերտ» ժամանեց Յուրի Գարեգինյանը: Լուրջ համալրում կարելի է համարել նաև Դավիդ Խուրցիձեի վերադարձը: Ուժեղացվեց նաև դարպասապահի գիծը, այժմ Օգնյեն Չանչարևիչի փոխարինողը Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Անատոլի Այվազովն է: Սակայն ակումբի լավագույն ձեռքբերում կարող է դառնալ վենեսուելացի Ռոբինսոն Ֆլորեսը: Վերջինս արդեն հասրցեց իրեն դրսևորել Կոնֆերենցիաների լիգայում, նրա անցումները եզրերից կարող են լուրջ գլխացավանք դառնալ Հայաստանի առաջնությունում մրցակիցների համար: Առայժմ մի փոքր հանելուկ են պաշտպան Վիլյամը, եզրային հարձակվող Սադիք Ֆատայն և հենակետային կիսապաշտպան Միմիտոն, սակայն առանց այդ էլ «Ալաշկերտը» լուրջ ներուժ ունի և կարող է պայքարել նախորդ առաջնության մրցանակակիրների հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ