Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի որոշմամբ ակումբի հարձակվող Սերդար Ազմունը հեռացվել է մարզումներից։
Bild-ի փոխանցմամբ` իրանցի ֆուտբոլիստը բաց է թողել ակումբի` միջմրցաշրջանային հատվածի առաջին մարզումը։ Ազմունը միայն մարզման ավարտից հետո է ակումբի մարզչական շտաբին տեղեկացրել, որ վատ զգալու պատճառով է բացակայել։ Այդ պատճառաբանությունը չի բավարարել Ալոնսոյին։
42-ամյա մարզիչն Ազմունին հիմնական թիմի մարզումներից հեռացրել է նաև նրա` ֆիզիկական վատ վիճակի պատճառով։ Ալոնսոն պարտադրել է 29-ամյա ֆուտբոլիստին անհատական մարզումներ անցկացնել։
Կա հավանականություն, որ Գերմանիայի չեմպիոնն ամառային տրանսֆերային ընթացիկ պատուհանի ժամանակ կբաժանվի հարձակվողից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլիան»։ Նա 2023/24 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել իտալական «Ռոմայում» և 29 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։


