«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն գովաբանել է «Արքայական ակումբի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը գոլ ու գոլային փոխանցում է կատարել «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հաղթական խաղում:
«Վինիսիուսի գոլից ու ասիստից բացի, ինձ այլ բան է տպավորել նրա խաղում: Ինձ դուր եկան նրա պաշտպանողական գործողությունները: Նա չէր կտրվում թիմի խաղից պրեսինգ կատարելիս, ինչն ավելի միասնական էր դարձնում մեզ»,-Ալոնսոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Ալոնսոն նաև խոսել է «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին.
««Յուվենտուսը» «Յուվենտուսն» է: Ես շատ մեծ հարգանք ունեմ այս ակումբի նկատմամբ: Այս փուլից սկսած՝ դու կա՛մ հաղթում ես, կա՛մ տուն ես գնում: Պետք է լավ նախապատրաստվենք այս հանդիպմանը»:


