Ֆորմուլա 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն նշել է, որ մրցարշավորդները պետք է օրինակ ծառայեն բոլորի համար։
«Մրցաշավորդներն ու այլ մարզիկները պատասխանատվություն են կրում երկրպագուների առաջ։ Դուք շատերի համար օրինակ եք, ուստի պետք է ձեզ ճիշտ պահեք։ Պետք է ոգեշնչման աղբյուր լինեք՝ նույնիսկ, եթե դա չեք ցանկանում։ Երբ ինչ-որ սխալ բան եք ցանկանում ասել, պետք է զսպեք ձեզ և լինեք կոռեկտ։
Դա վերաբերվում է նաև մարզումներին։ Օրեր են լինում, երբ չեք ցանկանում մարզվել, սակայն պետք է տրամադրվեք ու աշխատեք, քանի որ դուք պատասխանատու եք երկրպագուների և այն մարդկանց առաջ, որոնք հավատում են ձեզ։
Հաճախ եմ հանդիպում երկրպագուների, որոնք միշտ ասում են. «Դու ոգևորում ես ինձ, երբեք չես հանձնվում և իսկական մարտիկ ես»։ Նման խոսքերը միայն պարտավորեցնում են և հիշեցնում ինքդ քեզ։ Մարդիկ հետևում են միշտ ձեզ և գիտեն` ինչպես եք գործին մոտենում, այդ պատճառով, երբ ուշադրության կենտրոնում ես, պետք է քեզ ճիշտ պահես»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Race Fans-ը։
43-ամյա Ալոնսոն 2005 և 2006 թթ. ֆրանսիական «Ռենոյի» կազմում դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն, 2023 թվականից հանդես է գալիս բրիտանական «Ասթոն Մարտինում»։ 2024 թ. մրցաշրջանում իսպանացին 62 միավորով ընդհանուր հաշվարկում 9-րդ տեղում է։