Հրայր Ալիխանյանը (74 կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում տուշեով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, Սերբիան ներկայացնող Հեթիկ Ցաբոլովին:
Եթե Ցաբոլովը հասնի եզրափակիչ, Ալիխանյանը սեպտեմբերի 17-ին սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:
Հայաստանի ներկայացուցիչը որակավորման փուլում 7-0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլոգլոյի նկատմամբ:
Ավելի վաղ Արման Անդրեասյանը (70 կգ) հաղթել էր սփոփիչ գոտեմարտում՝ իրավունք ստանալով պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում 5-7 հաշվով պարտվել էր Եվրոպայի գործող չեմպիոն, հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին:
Նախօրեին ելույթն ավարտել էր Արման Ավագյանը (79 կգ), սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն (61 կգ) ու աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։


