Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հայտնում է Football Italia-ն։
34-ամյա ֆուտբոլիստը «Ներաձուրիի» կազմում կփոխարինի արգենտինացի Խոակին Կորեային, որը վարձակալությամբ տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել»։ Ալեքսիս Սանչեսն անցած մրցաշրջանն անցկացրել է հենց «Մարսելում»։ Նա մեկ ամիս առաջ դադարեցրել էր համագործակցությունն ակումբի հետ ու դարձել ազատ գործակալ։
Ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ Սանչեսը շուտով բուժզննում կանցնի «Ինտերի» կազմում ու կկնքի երկու տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ չիլիացին 2019-2022 թվականներին խաղացել է «Ինտերում» ու նվաճել երեք տիտղոս՝ դառնալով Իտալիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Իտալիայում նա խաղացել է նաև «Ուդինեզեի» կազմում։


