Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։
«Կարծում եմ՝ ոչ-ոքիի խաղ էր։ Խաղում էին երկու լավ թիմեր։ Ի դեպ, կարծում եմ, որ երևանյան խաղում ևս պետք է լիներ ոչ-ոքի։ Խաղից հետո ես մտա հանդերձարան և տեսա, որ տղաները բոլոր հուսահատված են։ Չկար ոչ մի ուրախություն, որ ոչ-ոքի են խաղացել ու մեկ միավոր վաստակել։ Տեսա նրանց վիճակը և կարծում եմ, որ նրանք կեցցեն։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ամենակարևորը, որ կա մարզչական շտաբի հանդեպ վստահություն։ Նրանք լսում ու կատարում են հրահանգները, դա հաճելի է»,- ասել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։ Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի գոլին դաշտի տերերը պատասխանել էին 88-րդ րոպեին։
D խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը 5-0 հաշվով հաղթել էր լատվիացիներին և շրջանցել Հայաստանի հավաքականին։
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) ունի 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ ընդունելով 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։