Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է ընկերական խաղում Եվրո-2024-ի մասնակիցներից Սլովենիայից կրած պարտության (1-2) պատճառների մասին ու անդրադարձել Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
«Չեմ կարծում, որ Սլովենիայի հավաքականի դեմ հանդիպման առաջին խաղակեսը ձախողված էր, ինչպես շատերն են մտածում։ Շատ ծանր խաղադաշտ էր՝ ամբողջությամբ ջրով ծածկված։ Մեզ թույլ չէին տվել նախախաղային մարզում անցկացնել այնտեղ, սակայն դա օբյեկտիվ էր, քանի որ պետք էր դաշտը պահել հանդիպման համար։
Երկրորդ խաղակեսը մի քիչ ավելի հաջող ստացվեց, և դրա համար կային մի շարք գործոններ։ Եկեք անկեղծ լինենք, ես մեղավորներ չեմ փնտրում, բայց կային օբյեկտիվ պատճառներ։ Մեր թիմի 3 պաշտպաններ 2 ամիս չէին խաղացել։ Մենք խաղալու հնարավորություն տվեցինք Հարությունյանին, Մկրտչյանին ու Թիկնիզյանին, որոնք խաղային պրակտիկա չունեին։ Այդ պատճառով կար անվստահություն, գնդակի կորուստ և թերություններ։ Երբ ֆուտբոլիստը չի խաղում և միայն մարզվում է, պաշտոնական խաղերում տարբերությունը զգացվում է։ Նույն Դաշյանը վնասվածքից հետո 3 խաղ էր անցկացրել, նրա մոտ ևս կային թերություններ։
Տղաներին կեցցե, հավաքվեցին երկրորդ խաղակեսում, ամեն բան կարգին էր։ Այնպես որ, ինձ դուր եկավ երկրորդ խաղակեսը, իսկ առաջինը ձախողված չէր։
Ղազախստանի հավաքականը շատ լավ թիմ է։ Նրանք արժանիորեն էին դուրս եկել անցումային փուլի փլեյ-օֆֆ։ Նրանց թիմը փոխվել է, սկսել է ավելի ագրեսիվ ու կոմպակտ ֆուտբոլ ցուցադրել։ Շատ եմ հավանում այդ թիմին։ Եվրոպայում թույլ թիմեր գրեթե չեն մնացել։
Ինչ վերաբերում է նորեկներին, ես միշտ զրուցում են հավաքական հրավիրված խաղացողների հետ, քանի որ բաց մարդ եմ։ Ես նույնպես անհանգստանում էի, որ հավաքական հրավիրված երիտասարդ խաղացողները չձախողվեին։ Նրանք թողեցին շատ հաճելի տպավորություն։ Ես առաջին հերթին նայում եմ ֆուտբոլիստի մարդկային որակներին։ Սակայն այդ մակարդակում խաղալուն դեռ պետք է ընտելանալ։ Հավաքականում այլ խաղամակարդակ է։ Նորեկները կստեղծեն մրցակցություն, ինչը շատ է ուրախացնում ինձ»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։