«Շատ կուզեի, որ ազգային հավաքականում լիներ Յուրա Մովսիսյանը, բայց, ցավոք, նա ավարտել է կարիերան: Այդ մակարդակի ֆուտբոլիստ մենք չունենք, Յուրա Մովսիսյանն իդեալական կերպով կհամապատասխաներ մեր խաղային սխեմային»։ Այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում ուկրաինացի մասնագետը խոսել է առաջիկա ընկերական խաղերի և այլ թեմաների շուրջ։
«Առանձնահատուկ սկզբունք չի եղել մրցակիցներին ընտրելիս: Ընտրվել են այն թիմերը, որոնք ազատ են եղել, և նախապես ձեռք է բերվել պայմանավորվածություն: Նախագահը որոշ մրցակիցներ առաջարկեց, ես հրաժարվեցի, այսպես ասած, իմ պատճառներով, բայց ընտրություն, ուղիղ կասեմ, առանձնապես չունեի: Ես հարցրի նախագահին, ասացի՝ առջևում Եվրոպայի առաջնությունն է, եթե հնարավոր է, գուցե մեզ հետ ցանկանա՞ն խաղալ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան: Ասացի, որ դա մեզ համար միայն դրական կլինի: Նա հարցրեց՝ «չե՞ս վախենում», և ես ասացի՝ «ո՛չ, ես չեմ վախենում. եկեք խաղանք ուժեղ մրցակիցների դեմ»: Այնպես որ, գործնականում ընտրություն չկար: Տնային երկու խաղ ունենք, խնդրեցի՝ երկու խաղ տանն անցկացնենք, որ մեր երկրպագուները գան, ժողովուրդը գա: Հիմա ստադիոնը լեփ-լեցուն է լինում, մարդիկ սպասում են խաղերին: Դա շատ հաճելի է, նրանց հուսախաբ չանելու ցանկություն կա: Եվ մեր մրցակիցներն են լինելու Եվրոպայի առաջնության մասնակիցներից երկուսը՝ Չեխիան ու Սլովենիան»,- նշել է մարզիչը։
Ալեքսանդր Պետրակովը պատմել է, որ մտածել է հավաքականի խաղային սխեման փոխելու մասին։
«Անկեղծ ասած՝ ես ուզում էի փոխել խաղային սխեման, բայց որպեսզի կարողանաս փոխել խաղային սխեման, այդ թվում՝ խաղի ընթացքում, համապատասխան մակարդակի խաղացողներ են անհրաժեշտ: Այս պահին ուղղակի չկան: Սա ազգային հավաքական է, ամենաբարձր մակարդակն է, ուստի այստեղ խաղում են արդյունքի, ոչ թե փորձարկումների համար։
Ուղիղ ու անկեղծ կասեմ՝ Հայաստանի առաջնությունում չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որ կարող են ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը: Ուղղակի չկան: Ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, սփյուռքի միջոցով զբաղվում է ֆուտբոլիստների հարցով, մենք հետևում ենք նրանց, շատ տղաներ կան, բայց դեռ փոքր են: Համեմատաբար տարեց խաղացողները, որոնք արդեն խաղում են տարբեր թիմերում… Ո՛չ, նրանց խաղին հետևել եմ, անկեղծ կլինեմ՝ ինձ չեն հետաքրքրում: Այնպես որ, այս պահին, որքան էլ գուցե վիրավորական հնչի, լավ է ուղիղ ու բաց խոսել. ո՛չ, չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են ուժեղացնել Հայաստանի հավաքականը։
Գիտեք, ես շատ կուզեի, որ ազգային հավաքականում լիներ Յուրա Մովսիսյանը, բայց, ցավոք, նա ավարտել է կարիերան: Այդ մակարդակի ֆուտբոլիստ մենք չունենք, Յուրա Մովսիսյանն իդեալական կերպով կհամապատասխաներ մեր խաղային սխեմային, բայց այդպիսի ֆուտբոլիստ չունենք: Ես վաղուց գիտեմ Արթուր Միրանյանին: Նա Դոնեցկի «Շախտյորի» սան է, ինձ մոտ խաղացել է տարբեր տարիքային հավաքականներում: Եվ հիմա նա առաջնության լավագույն ռմբարկուն է, 17 գոլ է խփել: Բայց դուք ինքներդ էլ հասկանում եք Հայաստանի առաջնության ու եվրոպականի մակարդակները: Մակարդակների մեծ տարբերություն կա: Չեմ ուզում վիրավորել, հետո ասելու են՝ Դուք վիրավորում եք մեր առաջնությանը, բայց ո՞րն է ավելի լավ՝ ասել ճշմարտությո՞ւնը, թե՞ չափազանցնել»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի հավաքականը պատրաստվում է տարվա առաջին խաղերին։ Մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ, իսկ 4 օր անց Պրահայում կմրցի չեխերի դեմ։


