Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Մենք պարտքի զգացում ունենք երկրպագուների առջև»

17:21 / 12.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հուսով եմ՝ վաղը կլինի լավ ու հետաքրքիր խաղ մեր կատարմամբ։ Այսպես ասած, մենք պարտքի զգացում ունենք երկրպագուների առջև։ Հյուսիսային Մակեդոնիայում միանշանակ խաղ չստացվեց։ Մենք արժանի չէինք պարտության, բայց արդեն շրջել ենք այդ էջը։ Պետք է կարողանալ արագ մոռանալ պարտությունները։ Վաղվա խաղում ամեն բան կախված են խաղացողներից՝ արդյոք նրանք պատրաստ են ռևանշի։

Էդուարդ Սպերցյանը պատրաստվում է հանդիպմանը։ Նա մեջքի ցավեր ուներ և իմ որոշմամբ չէր մեկնել Ֆարերյան կղզիներ։ Նա ցանկանում էր ցավազրկումներ ընդունել ու խաղալ, սակայն ես արգելեցի։ Վաղն առավոտյան մենք որոշում կկայացնենք նրա մասնակցության հարցով։

Ֆարերյան կղզիների դեմ խաղում նվիրվածության խնդիր չկար, կար վարպետության պակաս։ Այսպիսի մակարդակում միայն նվիրվածությունը բավականաչափ չէ, անհրաժեշտ է նաև վարպետություն։

Ես տղաներին ասել եմ, որ նրանք առաջադիմել են այս 1,5 տարվա ընթացքում, բայց պետք է ավելի ագրեսիվ խաղալ։ Նրանք պատրաստ են դրան։ Հյուսիսային Մակեդոնիայում մենք այդպես խաղացինք 20 րոպե։ Հետո ամեն բան փոխվեց։

Երբ ես Ուկրաինայից գալիս էի Հայաստան, ինձ ասում էին, որ պետք չէ անել նման բան, քանի որ այստեղ համապատասխան որակի խաղացողներ չկան։ Բայց ես կայացրի այդ որոշումն ու ինձ համար գլխավոր հաղթաթուղթն այն էր, որ այստեղ ֆուտբոլիստներն ինձ հասկանում են։

Մենք պետք է շարունակենք ֆուտբոլիստներ փնտրել։ Իմ կարծիքն է, որ անհրաժեշտ է նաև կառավարության օգնությունը։ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ անհրաժաշտ է ստեղծել ֆուտբոլի զարգացման պետական ծրագիր։ Ես տեսել եմ, որ ձեր երկրում շատ են սիրում ֆուտբոլ։ Պետք է կառուցել ակադեմիաներ ու փնտրել խաղացողների։ Կայունությունը գալիս է ժամանակի հետ։ Դեռ բարդ է հասնել դրան»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 7 միավոր: Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան հավաքել է 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ֆարերյան կղզիների հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել էր Լատվիային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ