Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականից կրած տնային պարտությունը 0-1 հաշվով, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
«Այսօր մեզ վարպետությունը չբավականացրեց դրական արդյունքի հասնելու համար։ Մրցակիցը վարպետությամբ գերազանցեց մեզ։ Հոգնածությունը զգալ տվեց այսօր։ Բարդ էր վերականգնվել ծանր հանդիպումից հետո։ Այսպիսի մակարդակում անհրաժեշտ է նվազագույնը 18 խաղացող ռոտացիա կատարելու համար։
Խաղից հետո ես տղաներին շնորհակալություն հայտնեցի՝ հատկապես երկրորդ խաղակեսի համար։ Նրանք մեկ քայլ առաջ կատարեցին այս խաղով։ Ես հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին։ Մենք քայլ առաջ ենք կատարել։ Խնդրում եմ մի քննադատեք մեր խաղացողներին, պետք է պարզապես աջակցել նրանց։
Առաջին խաղակեսում սխալները շատ էին, ինքս կարծես չէի ճանաչում մեր ֆուտբոլիստներին։ Երևի, դա հոգնածության պատճառով էր։ Նաև Խորվաթիայի հավաքականը գրեթե չէր սխալվում։ Նրանք պարզապես ուժեղ էին։ Կշարունակենք աշխատել։ Կփորձենք ՀՖՖ-ի հետ միասին գտնել թիմն ուժեղացնելու տարբերակներ։ Ամենակարևորը, որ տղաներն առողջ լինեն»,- նշեց ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփել էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկման արդյունքում։
4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։