Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման մասին։
«Վաղը լինելու է լավ հանդիպում: Անկեղծ կլինեմ՝ Ֆարերյան կղզիների հավաքականը դուր է եկել ինձ: Խաղադաշտն արհեստական խոտածածկով է, շուտով կմարզվենք ու կփորձարկենք այն: Ուղևորությունը տևել է 6 ժամ, իսկ այստեղ ցածր ջերմաստիճան է: Տարբերությունը մեծ է, Երևանում +27 էր, իսկ այստեղ՝ -3: Բոլորն առողջ են, ամեն բան նորմալ է»,- նշել է ուկրաինացի մասնագետը:
Մարզիչի հետ ասուլիսին ներկա է եղել նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը նշել է հետևյալը․ «Ուսումնասիրել ենք մրցակցին, ակնկալում ենք ծանր հանդիպում: Լավ ենք պատրաստվել ու գիտենք, թե ինչպես պետք է խաղանք վաղվա մրցավեճում: Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 4 միավոր: Հայաստանի ու Լատվիայի հավաքականները վաստակել են 2-ական, իսկ Ֆարերյան կղզիների թիմը՝ 1 միավոր:


