Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Կոսովոյի դեմ շատ ծանր հանդիպում եմ սպասում»

19:25 / 21.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հավաքականի դեմ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Հավաքականի նորեկներին խաղալու հնարավորություն տալու վերաբերյալ կասեմ, որ կտեսնենք, թե ինչպես կընթանա հանդիպումը։ Էդգար Փիլոյանը կարմիր քարտ էր ստացել և պետք է բաց թողներ երիտասարդական հավաքականի խաղը, այդ պատճառով ես նրան հրավիրել եմ մարզումային գործընթացում տեսնելու համար։

Ես ասել եմ, որ Հայաստանի առաջնությունում չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են այս պահին ուժեղացնել ազգային հավաքականը։ Դրա համար պետք է ունենալ այնպիսի որակներ, ինչպիսիք ունեն եվրոպական թիմերի խաղացողները։ Ես չեմ ցանկացել նեղացնել ոչ մեկին։ Պետք է ճիշտը խոսել, չեմ կարող ասել, որ կան բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ և ես այս կանեմ, այն կանեմ։ Ես ասում եմ ճիշտը՝ եթե չեք ցանկանում, չեմ ասի։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է 5-6 խաղացող հրավիրել հավաքական՝ փորձաշրջանի համար։ Ես բոլոր խաղերին գնում եմ։ Եթե խաղացողն արժանի է, հրավիրում եմ։ Ազգային հավաքականը փորձաշրջանի համար չէ։

Չէի ցանկանա այլ մայրցամաքից խաղացող հրավիրել հավաքական՝ հատկապես դարպասապահի։ 2-4 օր է անհրաժեշտ վերականգնվելու համար։ «Գրեմիոյի» դարպասապահ Արթուր Կոնգլյանի մասին կասեմ, որ նրա հետ զրուցել են, և նա հրաժարվել է միանալ հավաքականին։ Նրա հետ զրուցել է Մարկոս Պիզելին։ Հայեր կան աշխարհի բոլոր ծարերում։ Ոչ ոք մեր ուշադրությունից չի վրիպի։

Վաղվա խաղում ցանկանում եմ տեսնել դրական արդյունք․ սա ֆուտբոլ է, սա սպորտ է։

Ընկերական խաղերի համար մենք ընտրության հնարավորություն չենք ունեցել։ Ընտրել ենք այն թիմերին, որոնք ազատ էին։ Որոշ թիմերից հրաժարվել եմ։ Ընտրել եմ այն, ինչ կար։ Մյուս թիմերը Հայաստանի հավաքականի հետ խաղալու մեծ ցանկություն չունեն։ 

Կոսովոյի հավաքականը լավ թիմ է, բոլոր ֆուտբոլիստները խաղում են ուժեղ լիգաներում։ Մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ՝ գերմանացի։ Այնպես որ, սպասում եմ շատ ծանր հանդիպում։ Մարտական թիմ է։ Ինձ դուր է գալիս նրանց պաշտպանությունը։ Երեք կենտրոնական պաշտպանները հրաշալի են խաղում երկրորդ հարկում։ Կենտրոնական հարձակվող Մուրիքին իսպանական «Մալյորկայի» առաջատարներից է։ Կոսովոյի հավաքականում շատ են լավ ֆուտբոլիստները։

Վաղը կտեսնենք, թե ինչ սխեմայով է խաղալու մրցակիցը։ Անակնկալներ չկան։ Ես պատրաստ եմ դրան, ի՞նչ է՝ կարծում եք՝ ես երիտասարդ մարզիչ եմ։ Մրցավարի սուլիչից հետո ես 10 վայրկյանում կտեսնեմ, թե ինչպես են նրանք խաղում»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին ու կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Դա կլինի Հայաստանի հավաքականի 250-րդ հանդիպումը պատմության մեջ։ Այդ խաղից 4 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Չեխիայի հավաքականի հետ։

Պետրակովի գլխավոր խնդիրը, ձախլիկ վինգերների հանելուկը․ Հավաքականի հայտացուցակի հետքերով

Հայաստան - Կոսովո. Տարվա առաջին հանդիպմանն ընդառաջ

Վեդատ Մուրիքի․ «Մենք ֆավորիտ ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղում»

Ֆրանկո Ֆոդան՝ Հայաստանի և Կոսովոյի հավաքականների նմանության մասին

Բիչախչյան. «Լավ առիթ է տարին հաղթանակով սկսելու համար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ