Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Վաղը լինելու է շատ ծանր հանդիպում»

19:15 / 11.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ռիգայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման մասին։

«Համաձայն եմ, որ Լատվիան վատ թիմ չունի։ Նրանք լավ խաղացին նաև Ուելսում և կարծում եմ, որ Թուրքիայի դեմ տնային խաղում էլ արժանի չէին պարտության։ Մեր դեմ ևս լավ ելույթ ունեցան Երևանում։ Հասկանալի է, որ մարդիկ ունեն ամբիցիաներ և ցանկանում են միավորներ վաստակել։ Վաղը լինելու է շատ ծանր հանդիպում։

Էդգար Սևիկյանից տպավորությունները լավն են, ես նախկինում ևս զրուցել էի նրա հետ։ Շատ շփվող տղա է, լավ ենք հաղորդակցվում, և նա ինձ հասկանում է։ Կարևոր է, որ նա հասկանա մեր խաղի սկզբունքները և այն, որ ազգային հավաքականը մի քիչ այլ է։ Ասել եմ, որ երկրի առաջնությունում ու ազգային թիմում խաղալը շատ տարբեր է։ Առայժմ նա մեկ վերականգնողական մարզում է անցկացրել, այսօր կլինի ևս մեկ մարզում։ Շուտով կտեսնենք, թե ինչ տեսք ունի նա մարզման ժամանակ։

Մենք կենտրոնանում ենք յուրաքանչյուր առանձին խաղի վրա։ Գլխավորելով Հայաստանի հավաքականը՝ ես ասացի, որ մեր գլխավոր նպատակը Եվրոյի ուղեգիր նվաճելն է։ Սակայն մենք խաղում ենք հանդիպումից հանդիպում և հիմա չենք նայում մրցաշարային աղյուսակին։ Վաղն ամենակարևոր խաղն է։ Ամեն բան կախված է դրանից»,- նշեց ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ Այդ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ