Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը քննադատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբայի պահվածքը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի խաղից հետո:
«Ներկայումս հետաքրքրված եմ զեն-բուդիզմով ու վերջերս կարդացի հետևյալ միտքը. «Մարդը յուրաքանչյուր օր ավելի լավը դառնալու բազմաթիվ հնարավորություններ է բաց թողնում ու բաց չի թողնում «կենդանի» դառնալու շանսը»: Որոշ ժամանակ անց ինձ ուղարկեցին Ձյուբայի հետ դրվագի տեսանյութը: Կարծում եմ՝ վերոհիշյալ իրավիճակն է»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը «Коммент.Шоу» յութուբյան ալիքի եթերում:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվ» - «Զենիթ» (1-2) հանդիպումից հետո Արտյոմ Ձյուբան չէր ցանկացել սեղմել հյուրերի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակի ձեռքը, որի հետ կոնֆլիկտ ունի:
Ալեքսանդր Գրիգորյանը 2021-2022-ին աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմում, իսկ այժմ գլխավորում է Մեդիալիգայում խաղացող «Матч ТВ» սիրողական թիմը։