Logo

Ալեքս Սանդրո Սիլվա Պերեյրա՝ դժվարություններ հաղթահարած մարտիկը

Հեղինակ
Մհեր Սարգսյան
19:45 / 20.02.2025Խառը մենամարտեր
null

Ալեքս Պերեյրա անուն-ազգանունն այսօր նույնականացվում է անսահման ուժի, կարգապահության ու մարտարվեստի աշխարհում անհավանական նվաճումների հետ: Նրա պատմությունը դժվարություններ հաղթահարելու և սեփական ուժերին հավատալու մասին է:

Ալեքս Պերեյրան ծնվել է բրազիլական համեստ ընտանիքում, որտեղ ֆինանսական բարդություններն առօրյա կյանքի մի մասն էին:

Փոքր տարիքից նա բախվել է տարբեր մարտահրավերների, բայց չի հանձնվել ու պայքարել է բոլոր դժվարությունների դեմ: Պերեյրան մեծացել է ֆավելայում. սկզբում նա աշխատել է աղյուսագործի օգնական, հետո՝ անվադողեր նորոգող: Այդ տարիները շատ բարդ էին Պերեյրայի համար, որովհետև բրազիլացին շրջապատի ազդեցությամբ դարձել էր հարբեցող: 2009 թվականին Ալեքսը սկսել է զբաղվել քիքբռնցքամարտով, որպեսզի կարողանա ազատվել ալկոհոլի ազդեցությունից:

Ինչպես շատ այլ բրազիլացի մարզիկների, այնպես էլ «Պոատանի» համար ֆավելայից դուրս գալն անչափ բարդ էր: Նա ուներ ֆինանսական խնդիրներ և աջակցության բացակայություն: Հետո եղան նաև վնասվածքներ ու հիասթափություն: Պերեյրան ցանկանում էր ինքն իրեն ապացուցել, որ կարող է նման խնդիրներ լուծել, ու հենց դա օգնեց նրան հաղթահարել պատնեշները:

Բժիշկները համոզված էին, որ նա չի կարողանա արագ վերականգնվել, բայց Պերեյրան հակառակն ապացուցեց ու սկսեց մարզումներ անցկացնել՝ մեծ սպորտ վերադառնալու համար:

Ալեքսի համառությունն ու քրտնաջան աշխատանքը տվեցին պտուղներ։ Նա քիքբռնցքամարտի աշխարհում հայտնի դարձավ իր տպավորիչ հաղթանակների ու յուրահատուկ մարտաոճի շնորհիվ։ Ուժը, արագությունը և տեխնիկան համատեղելու կարողությունը Պերեյրային դարձրեց իր քաշային կարգի ամենավտանգավոր մարտիկներից:

Ալեքսի կարիերայի առանցքային պահերից էր հաղթանակը MMA-ի և քիքբռնցքամարտի պատմության մեջ լավագույն մարտիկներից Իսրայել Ադեսանյայի հետ պայքարում: Այդ մենամարտը ցույց տվեց Պերեյրայի ուժը և նրան ճանաչում բերեց:

Քիքբռնցքամարտում հաջողությունների հասնելուց հետո Ալեքսը որոշեց ուժերը փորձել խառը մենամարտերում՝ MMA-ում: Այս անցումը հեշտ չէր, քանի որ այն պահանջում էր սովորել նոր հմտություններ և հարմարվել այլ մարտաոճի: Ամեն դեպքում, Պերեյրան խնդիրներ չունեցավ: Նրա նորամուտը MMA-ում շատ հաջող էր:

Ճակատագրի հեգնանքով «Պոատանը» կրկին հանդիպեց Իսրայել Ադեսանյային ու ևս մեկ անգամ հաղթեց նրան՝ Ադեսանյայից խլելով միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ