Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու շոտլանդական «Աբերդինի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը 40 տարի անց ստացել է ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի չեմպիոնական մեդալը։
1983 թվականի մայիսին «Աբերդինը» շոտլանդացի լեգենդար մասնագետի գլխավորությամբ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին» ու նվաճել տիտղոսը։ Այդ ժամանակ մեդալ էին ստացել միայն մեկնարկային կազմի 11 խաղացողներ ու 5 պահեստայիններ։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մեդալը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատում էին, որ այս ամենը կայանա»,- Ալեքս Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է BBC-ն։
81-ամյա Ֆերգյուսոնից բացի, մեդալ կստանան նաև «Աբերդինի» մի քանի նախկին աշխատակիցներ, այդ թվում՝ ակումբի տնօրեն Յան Դոնալդը։
Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնն «Աբերդինը» գլխավորել է 1978-1986 թվականներին։ 1986-2013-ին նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում» ու ավարտել մարզչական կարիերան։