Logo

«Երիտասարդների հետ ճամփա գնացողը». «Ֆերգիի երեխաները», որոնք գրավել են աշխարհը

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
20:20 / 30.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

1995 թվականի օգոստոսի 19-ին «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Հանսենը, որն այդ ժամանակ արդեն BBC-ում ֆուտբոլային փորձագետ էր, սըր Ալեքս Ֆերգյուսոնին ասել էր, որ նա ոչ մի տիտղոս չի նվաճի երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Տարիներ անց այդ «երեխաներից» շատերը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեցին թրեբլ ձևակերպել, Ալեքս Ֆերգյուսոնն էլ շարունակեց «չհղկված ադամանդներից» ֆուտբոլային գերաստղեր ստեղծելու գործընթացը:

«Նա հենց այդ խոսքերով էր մոտիվացնում իր ֆուտբոլիստներին: Ես նույնպես մեծ ներդրում եմ ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություններում...»
Ալան Հանսեն, 2011թ.

Բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկի գլխավոր առանձնահատկությունն էր գտնել երիտասարդ ֆուտբոլիստների ու օգնել նրանց հասնելու մեծ բարձունքների, բայց ոչ բոլորն էին կարողանում դիմանալ Ֆերգիի ճնշմանն ու մարզումային ծանր մեթոդներին: Օրինակ՝ Ֆեդերիկո Մակքեդան այդպես էլ  չդարձավ ուժեղ կենտրոնական հարձակվող: Ֆերգյուսոնի ամենամեծ հիասթափություններից են Դենի Ուելբեքն ու Ֆիլ Ջոնսը: Շոտլանդացին նրանցից մեծ սպասելիքներ ուներ, բայց Ուելբեքն ու Ջոնսն ուղղակի «խեղդեցին» իրենց տաղանդը: Շնորհալի ֆուտբոլիստ էր նաև Պոլ Պոգբան, բայց Ֆերգյուսոնը նրան էլ ուշադրություն չդարձրեց, որովհետև ֆրանսիացին ընդհանրապես աշխատասեր չէր: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի համար անչափ կարևոր էր աշխատասիրությունը: Ասածիս վառ ապացույցը իռլանդացի պաշտպան Ջոն Օ՛Շին է: Նա չուներ երևելի տաղանդ, բայց աշխատելու, չհանձնվելու և «գերազանցիկ աշակերտի» նման Ֆերգյուսոնի խորհուրդները լսելու շնորհիվ հասավ բարձր մակարդակի՝ «ստիպելով» սըր Ալեքսին գովեստի խոսքեր ասել իր հասցեին:

Շատ են ֆուտբոլիստները, որոնց Ֆերգյուսոնը վստահել է, բայց չի ստացել համապատասխան վերաբերմունք: Ամեն դեպքում, ավելի շատ են այն խաղացողները, որոնք շոտլանդացու «զայրույթով պատված» սերը փոխհատուցել են անհամար տիտղոսներով ու անհատական մեծ նվաճումներով:

ՓՈԼ ՍՔՈՈՒԼԶ՝  ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿԸ

Նա ծնվել է Սոլֆորդում՝ «Օլդ Թրաֆորդից» մի քանի քայլ հեռավորության վրա: Եթե հավատում եք, որ պատահականություններ չեն լինում, ապա պետք է ընդունեք, որ «փոքրամարմին հսկայի» ճակատագիրը կանխորոշված էր: Փոլ Սքոուլզը պետք է դառնար «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից…

Սքոուլզն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» 11 անգամ դառնալ երկրի չեմպիոն ու 2 անգամ էլ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Ֆերգյուսոնը հիանում էր «խարտյաշ պատանեկիկի» խաղով ու նրան համարում էր թիմի «ուղեղը»: Անգլիացին այն քիչ ֆուտբոլիստներից էր, որ չէր «արժանանում» սըր Ալեքսի բղավոցներին: Նա լուռ աշխատում էր՝ լսելով մարզչին ու կատարելով բոլոր առաջադրանքները: Արդյունքում՝ Սքոուլզը երկար տարիներ «մոգական» ֆուտբոլ ցուցադրեց ու դարձավ Ֆերգյուսոնի ժամանակների այն ֆուտբոլիստներից, որոնք օգտագործել են իրենց ներուժն ու նույնիսկ արել ավելին, քան կարող էին:

ՌԱՅԱՆ ԳԻԳԶ՝  ՖԵՐԳՅՈՒՍՈՆԻ ՍԱՆԸ

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» միայն մարզիչ չէր. նա կատարում էր նաև սպորտային տնօրենի պարտականությունները, նույնիսկ հասցնում էր հետևել այլ թիմերում հանդես եկող պատանի ֆուտբոլիստներին: Ֆերգիի ամենամեծ բացահայտումներից է Ռայան Գիգզը: Սըր Ալեքսը 1986 թվականին դարձավ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ և ընդամենը մեկ տարի անց թիմ հրավիրեց «Մանչեսթեր Սիթիի» 14-ամյա ֆուտբոլիստ Ռայան Գիգզին: Դրանից 3 տարի անց «Ֆերգյուսոնի սանը» նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդում» ու գրավեց «Երազանքների թատրոնը»:

«Նա օրինակ է բոլորի համար: Նվիրվեք թիմին այնպես, ինչպես Ռայանն է նվիրվում: Գիգզը թիմի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ դուք նույնիսկ մոտ չեք նրան...»
Ալեքս Ֆերգյուսոն

ԳԱՐԻ ՆԵՎԻԼ՝  ԲՈԼՈՐԻ ՍԻՐԵԼԻՆ

Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում երկար ու հաջողված կարիերա է ունեցել նաև Գարի Նևիլը:

1994 թվականից նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմում ու հասել է մեծ նվաճումների:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Գարի Նևիլն ուներ ամուր բնավորություն և ակումբում համարվում էր բոլորի սիրելին: Նևիլն առաջատարներից էր նաև հանդերձարանում ու երբեմն հոգ էր տանում մյուս երիտասարդ ֆուտբոլիստների համար: 

ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄ՝  ՆՈՐԱՈՃ ՏԱՂԱՆԴԸ

Ֆերգյուսոնի «դպրոցի» «ամենաչար» աշակերտներից էր Դևիդ Բեքհեմը: Սըր Ալեքսին նյարդայնացնում էր այն փաստը, որ Դեյվն ավելի շատ ուշադրություն էր դարձնում գեղեցիկ սանրվածքներին ու հագուստներին, քան խաղին: Ֆերգին ամեն կերպ փորձում էր փոխել Բեքհեմին, բայց անգլիացին անուղղելի էր: Քննադատություններն ու խաղակոշիկով հարվածն էլ չսթափեցրին Բեքսին:

Բեքհեմը 17 տարեկանում է նորամուտը նշել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա մեծ տաղանդ ուներ, ու դա Ֆերգյուսոնը զգացել էր դեռ այն ժամանակ, երբ անգլիացին առաջին անգամ մարզում էր անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում:

«Ես նրան որդուս նման էի սիրում, բայց դադարեցի հավատալ Դևիդին, երբ նրա համար կարևոր դարձավ խաղադաշտից դուրս հայտնիություն ունենալը...»
Ալեքս Ֆերգյուսոն

Ի վերջո, բազում վեճերից  հետո «Մանչեսթեր Յունայթեդի» նորաոճության ներկայացուցիչը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

ՈՒԵՅՆ ՌՈՒՆԻ՝  «ՈՒԱԶԱՆ»

25 տարեկանում նա արդեն 325 հանդիպում էր անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ֆերգյուսոնը վստահ էր, որ Ուեյն Ռունին հրաշալի է խաղալու մանկունիական թիմում, դրա համար էլ ջանք ու գումար չխնայեց՝ երիտասարդ անգլիացուն «Կարմիր սատանա» դարձնելու համար: Ռունին 2004 թվականին՝ ընդամենը 17 տարեկանում, «Էվերթոնից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» ու տարիներ անց դարձավ թիմի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

Ուեյնը հիշարժան հանդիպումներ շատ է ունեցել, բայց նրա առաջին խաղը մանչեսթերյան թիմում ամենայուրահատուկն է: 17-ամյա անգլիացին հեթ-տրիկ ձևակերպեց «Ֆեներբահչեի» դեմ խաղում ու հայտնվեց «7-րդ երկնքում»:

«Ես ապրում էի երազում: Պատկերացնո՞ւմ եք՝ «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտս նշեցի հեթ-տրիկով: Բոլորն ինձ շնորհավորում էին, ես օրվա հերոսն էի, բայց ամեն ինչ փոխվեց, երբ հանդերձարանի ճանապարհին տեսա Սըրին: Նա ինձ ասաց, որ սարսափելի եմ խաղացել հանդիպման վերջին 20 րոպեներն ու ֆիզիկապես պետք է ուժեղանամ...»
Ուեյն Ռունին՝ ՄՅՈՒ-ում նորամուտի խաղի մասին

Ֆերգյուսոնյան «սառը ցնցուղը» Ռունիին օգնեց վերադառնալ իրականություն: Տարիներ անց «Ուազա» մականունը ստացած Ուեյնը հենց սըր Ալեքսի շնորհիվ դարձավ Պրեմիեր լիգայի ամեանուժեղ ֆուտբոլիստներից:

ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ՝  ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

«Հաճելի է, երբ անձամբ ես նկատում տաղանդներին: Ռոնալդուն իմ բացահայտումն էր: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ աշխատել եմ...»
Ալեքս Ֆերգյուսոն

«Սպորտինգի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև 2003 թվականի ընկերական հանդիպումը փոխեց ֆուտբոլի պատմության ընթացքը: Խաղի արդեն 5-րդ րոպեին սըր Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի ներկայացուցիչներին տեղեկացրել էր, որ չի հեռանա ստադիոնից առանց Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու: Խաղից անմիջապես հետո շոտլանդացին ստացավ Կրիշտիանուի համաձայնությունը: Օրեր անց Ռոնալդուն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր:

«Երազանքների թատրոնում» «ավերիչ» ֆուտբոլ ցուցադրելուց հետո Ռոնալդուն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», բայց պահպանեց Ֆերգյուսոնի հետ ջերմ հարաբերությունները:

Նրանց պատմությունը ֆուտբոլային անցողիկ հարաբերությունների մասին չէ. սա պատմություն է բաժանմանը դիմակայած ընկերության մասին...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա