Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Միլանի «Ինտերի» հետ տնային ոչ-ոքին (1-1):
«Չգիտեմ, թե ինչու սուլիչից հետո Կուադրադոն կարմիր քարտ ստացավ, քանի որ ես արդեն հեռացել էի: Պարզապես դժվար խաղից հետո փոքր-ինչ էմոցիաներ էին: Գիտեինք, որ դժվար է լինելու:
Լավ է, որ տղաները զայրացել էին, երբ մրցակցին թույլ տվեցին հավասարեցնել հաշիվը, բայց նրանք պետք է նաև դասեր քաղեն ու հետագայում խուսափեն սխալները կրկնելուց:
Մենք չափից դուրս դանդաղ էինք տեղաշարժում գնդակն առաջին խաղակեսում: Հետագայում սկսեցինք ավելի ակտիվ գործել ու տպավորությունները դրական էին, սակայն սա ֆուտբոլ է»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:
Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 26-ին «Ինտերի» խաղադաշտում: Իտալիայի գավաթի մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։