Աշխարհի 4-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալով, կրկնել է իր հայրենակից Ռաֆայել Նադալի և ամերիկացի նախկին թենիսիստ Փիթ Սամպրասի նվաճումը, հայտնում է «Tennis Tv»-ն:
Ալկարասը դարձավ պատմության երրորդ թենիսիստը, որը 19 տարեկանում կխաղա «Մեծ սաղավարտի» որևէ մրցաշարի կիսաեզրափակիչում: Իսպանացի Ռաֆայել Նադալը 2005 թվականին 19 տարեկանում դուրս էր եկել Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ, իսկ Փիթ Սամպրասը 1990 թվականին նույն տարիքում հաղթել էր US Open-ում:
Հիշեցնենք, որ Ալկարասն ԱՄՆ-ի բաց առաջնության 1/4 եզրափակիչում հաղթել էր աշխարհի 13-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին (6-3, 6-7 (7-9), 6-7 (0-7), 7-5, 6-3): Իսպանացին եզրափակիչի ուղեգիրը սեպտեմբերի 9-ին կվիճարկի ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրենսիս Տյաֆուի հետ, իսկ կիսաեզրափակիչ մյուս զույգում նույն օրը կմրցեն Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու նորվեգացի Կասպեր Ռուդը:
ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:


