VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ալաշկերտին»:
1. «Ալաշկերտն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 13 հանդիպումներում վաստակելով 21 միավոր (+6=3-4, 17-13), ինչը հնարավոր միավորների 53,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ալաշկերտը» 4 միավոր պակաս է վաստակել: Հիշեցնենք, որ 2020/21թթ. առաջնության մեկնարկային 13 հանդիպումներում ալաշկերտցիները 25 միավոր էին վաստակել (+7=4-2, 15-10), ինչը հնարավոր միավորների 64,1 տոկոսն էր:
Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտը» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 3 խաղերում թիմի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն էր, որի օրոք ալաշկերտցիները միավոր չվաստակեցին:
Հաջորդ երկու տուրերում «Նորավանքի» (0-0) և ԲԿՄԱ-ի (2-1) հետ անցկացրած խաղերում թիմի գործողությունները ղեկավարում էր Սերգեյ Էրզրումյանը:
Իսկ առաջնության աշնանային հատվածի վերջին 8 հանդիպումներում գլխավոր մարզիչը սերբ Միլան Միլանովիչն էր, որն արդեն թիմում չէ: Նրա օրոք «Ալաշկերտը» 17 միավոր վաստակեց (+5=2-1, 13-4, ինչը հնարավոր միավորների 70,8 տոկոսն է:
2. «Ալաշկերտը» սեփական դաշտում անցկացրած 7 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 52,3 տոկոսը (+3=2-2, 5-7): Սեփական հարկի տակ ալաշկերտցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-3) և «Վանին» (0-2):
Հյուրընկալվելիս անցկացրած 6 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 10 միավոր (+3=1-2, 12-6), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները հաղթել են «Վանին» (4-0), «Նորավանքին» (2-0) և ԲԿՄԱ-ին (2-0):
3. «Ալաշկերտի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ ալաշկերտցիներն առաջնությունը սկսեցին 3 անընդմեջ պարտությամբ («Արարատ-Արմենիա»՝ 0-3, «Վան»՝ 0-2, «Արարատ»՝ 2-3): Միայն 4-րդ խաղում՝ «Նորավանքի» հետ մրցավեճում ալաշկերտցիներն առաջին միավորը վաստակեցին՝ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
Առաջին անգամ «Ալաշկերտը» մեկնարկային երկու հանդիպումներում էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Միայն 5-րդ խաղում ալաշկերտցիներն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեցին՝ 2-1 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: Ավելի վատ արդյունք թիմի պատմության մեջ գրանցվել էր միայն Բարձրագույն խմբում նորամուտի մրցաշրջանում (2013/14թթ.՝ 10 խաղ):
Իսկ ահա Միլան Միլանովիչի օրոք «Ալաշկերտն» առաջնության վերջին 5 խաղերում հաղթել է, 3 խաղ անընդմեջ դարպասն անառիկ է պահել:
13 հանդիպումներից 4-ում «Ալաշկերտին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: 6 խաղում էլ «Ալաշկերտի» դարպասն անառիկ մնաց:
«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (4-0), պարտվեց «Արարատ-Արմենիային» (0-3):
4. «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 3 հարված, որից իրացվել է 2-ը: Թիմի օգտին նշանակված միակ հարվածը դիպուկ է իրացրել Ժոզե Էմբալուն՝ գրավելով արարատցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը:
«Ալաշկերտի» դարպասին նշանակված 11մ 2 հարվածներից մեկը հետ է մղել Օգնյեն Չանչարևիչը՝ հաղթող դուրս գալով արարատցի Սերժ Դեբլեի հետ մենամարտում: Իսկ փյունիկցի Էրիկ Վարդանյանը խոցել է Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
5. Առաջնության աշնանային հատվածում խփած 17 գոլերի հեղինակներ դարձան 10 ալաշկերտցիներ: Դավիթ Խուրցիձեն, Ժոզե Էմբալուն, Իսմայել Ֆոֆանա Բեկոն, Միհայլո Յովանովիչը, Դեու Դոսա Օլատունջին և Մարկո Միլինկովիչը բացեցին գոլերի հաշիվն «Ալաշկերտում»:
Առավել արդյունավետ գործեցին 3-ական գոլի հեղինակ դարձած Դավիթ Խուրցիձեն, Ժոզե Էմբալուն և Իսմայել Ֆոֆանա Բեկոն, որոնք ընդգրկվեցին թիմի լեգեոնական ռմբարկուների տասնյակում:
Մարկո Միլինկովիչը (33 տարեկան 206 օրական), Իսմայել Ֆոֆանա Բեկոն (33 տարեկան 87 օրական) և Միհայլո Յովանովիչն (32 տարեկան 258 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկից դուրս մնացին Արթուր Եդիգարյանը (31 տարեկան 277 օրական), Նարեկ Բեգլարյանն (31 տարեկան 272 օրական) ու Մլադեն Զելկովիչը (31 տարեկան 108 օրական):
6. Մեկ գոլ խփած Ալեքսանդր Գլիշիչը 15 գնդակով եզրափակեց «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակը՝ իրենից առաջ թողնելով Ուրոշ Նենադովիչին (18 գոլ) և Հեբեր Արաուխոյին (16): Իսկ ահա պաշտոնական մրցումներում «Ալաշկերտում» խփած 22 գոլով Գլիշիչը հավասարվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնական Ուրոշ Նենադովիչին:
Ժոզե Էմբալուն (8 գոլ) և Դավիթ Խուրցիձեն (5) ընդգրկվեցին պաշտոնական մրցումներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:
Դեու Դոսա Օլատունջին էլ (23 տարեկան 102 օրական), ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Վիկտոր Շիշկովին (26 տարեկան 345 օրական):
7. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտի» դարպասը պաշտպանեցին երկու դարպասապահներ: Օգնյեն Չանչարևիչն անցկացրած 7 խաղերում 6 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,85 գոլ), 4 անգամ դարպասն անառիկ պահեց:
32-ամյա Չանչարևիչը 418 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի դարպասապահներից առավել երկար՝ 324 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
Դավիթ Յուրչենկոն թիմի դարպասը պաշտպանեց 6 խաղերում, որոնցում 7 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,16 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:
8. Որոշ ընդմիջումից հետո կրկին «Ալաշկերտի» մարզաշապիկը կրած Արտակ Եդիգարյանը թիմի կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով (118) եզրափակեց ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակը: Ցանկը 156 խաղով գլխավորում է «Ալաշկերտի» ռեկորդակիր Արտակ Գրիգորյանը, որին հաջորդում է Միհրան Մանասյանը (139 խաղ): Իսկ ահա «Ալաշկերտում» խփած գոլերի քանակով (33) Եդիգարյանը զիջում է միայն թիմի պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանին, որի հաշվին 67 գոլ է գրանցված:
31-ամյա Եդիգարյանը թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ 31տարեկանում «Ալաշկերտում» բոլորից շատ խաղ էր անցկացրել Գագիկ Դաղբաշյանը (114):
9. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստները 35-ամյա Դավիթ Յուրչենկոն և Եվգենի Յատչենկոն էին: Վերջինս (35 տարեկան 109 օրական), Մարկո Միլինկովիչը (33 տարեկան 240 օրական) և Իսմայել Ֆոֆանա Բեկոն (33 տարեկան 95 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Սամվել Մելքոնյանին (32 տարեկան 250 օրական), Հրայր Մկոյանին (32 տարեկան 237 օրական) և Խորեն Վերանյանին (32 տարեկան 236 օրական):
21-ամյա Էրիկ Սողոմոնյանն ու Արտյոմ Գյուրջյանն առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են:
Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (322) «Ալաշկերտի» ամենափորձառու ֆուտբոլիստը թիմի 34-ամյա ավագ Արտակ Գրիգորյանն է: Այդ ցուցանիշով Արտակը նաև ընթացիկ առաջնության մասնակից ֆուտբոլիստներից ամենափորձառուն է: ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում Գրիգորյանը շրջանցեց Կարեն Սիմոնյանին (314 խաղ), Նորայր Գրիգորյանին (319) և Արտյոմ Ադամյանին (320) ու զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Ցանկը գլխավորում է «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանը, որը մասնակցել է 461 խաղի:
Նոյեմբերի 8-ին «Ուրարտուի» հետ կայացած հանդիպումն Արտակ Գրիգորյանի կարիերայում հոբելյանական՝ 450-րդ խաղն էր պաշտոնական մրցումներում: Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում Գրիգորյանը նշել էր 200-րդ խաղի հոբելյանը պաշտոնական մրցումներում «Ալաշկերտի» կազմում:
10. Առաջնության աշնանային հատվածի 14 հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) «Ալաշկերտի» կազմում խաղադաշտ դուրս եկան 31 ֆուտբոլիստներ, որոնցից 22-ը լեգեոնականներ էին: Երկու ցուցանիշներով էլ «Ալաշկերտն» առաջնության մասնակից թիմերի մեջ յուրօրինակ ռեկորդակիրն է: 13 ֆուտբոլիստներ՝ Դավիթ Խուրցիձեն, Վլադիսլավ Կրյուչկովը, Խամես Սանթոս դաս Նևեսը, Ժոզե Էմբալուն, Աղվան Դավոյանը, Դեու Դոսա Օլատունջին, Լուկաս Սերան, Իսմայել Ֆոֆանա Բեկոն, Մարկո Միլինկովիչը, Մաթեուս Ալեսանդրո Պերեյրան, Եվգենի Յատչենկոն, Նիքսոն Կարդոսոն և Արտյոմ Գյուրջյանն առաջնության աշնանային հատվածում նորամուտը նշեցին «Ալաշկերտում»:
Ալաշկերտցիներն առաջնության հանդիպումներում 32 անգամ զգուշացվել են: Առավել հաճախ՝ 5 անգամ դեղին քարտի է արժանացել Ալեքսանդր Գլիշիչը:
VNews.am-ը ներկայացնում է «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը):
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Դավիթ Խուրցիձե |
14 |
3 |
1 |
2. Ռումյան Հովսեփյան |
12 |
- |
- |
3. Վանգու Գոմե |
12 |
- |
1 |
4. Ժոզե Էմբալու |
11 |
3 |
2 |
4. Դիդիե Բորիս Կադիո |
11 |
- |
2 |
5. Արտակ Գրիգորյան |
11 |
- |
1 |
6. Վլադիսլավ Կրյուչկով |
11 |
- |
2 |
8. Իսմայել Ֆոֆանա Բեկո |
10 |
3 |
- |
9. Ալեքսանդր Գլիշիչ |
10 |
1 |
5 |
10. Խավես Սանթոս դաս Նևես |
10 |
- |
2 |
11. Վենսան Բեզեկուր |
10 |
- |
- |
12. Տարոն Ոսկանյան |
9 |
1 |
2 |
13. Արտակ Եդիգարյան |
9 |
1 |
2 |
14. Մարկո Միլինկովիչ |
8 |
2 |
1 |
15. Օգնյեն Չանչարևիչ |
8 |
- 6 |
1 |
16. Տիագո Կոելյո |
8 |
- |
1 |
17. Նիկիտա Տանկով |
7 |
1 |
2 |
18. Աղվան Պապիկյան |
7 |
- |
- |
19. Եվգենի Յատչենկո |
7 |
- |
1 |
20. Դավիթ Յուրչենկո |
6 |
- 7 |
- |
21. Դեու Դոսա Օլատունջի |
5 |
1 |
2 |
22. Դեյան Բոլևիչ |
5 |
- |
- |
23. Բրանկո Միհայլովիչ |
5 |
- |
- |
24. Աղվան Դավոյան |
4 |
- |
1 |
25. Միհայլո Յովանովիչ |
3 |
1 |
2 |
26. Գրիգոր Աղեկյան |
3 |
- |
- |
27. Էրիկ Սողոմոնյան |
2 |
- |
1 |
28. Նիքսոն Կարդոսո |
2 |
- |
- |
29. Լուկաս Սերա |
1 |
- |
- |
30. Մաթեուս Ալեսանդրո Պերեյրա |
1 |
- |
- |
31. Արտյոմ Գյուրջյան |
1 |
- |
- |