Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, 1-0 հաշվով հաղթել է «Ալ Իթիֆակին»:
Խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չի արձանագրվել: Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 107-րդ րոպեին «Ալ Նասրի» հաղթական գոլը խփել է սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն:
«Զարմանալի թիմային ոգի: Մեր երկրպագուների անհավանական աջակցությունն օգնեց պայքարել մինչև վերջ»,- խաղից հետո սոցցանցերում գրել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում, իսկ գավաթի խաղարկությունում դեռ արդյունավետ գործողություն չունի: