Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պոկերն «Ալ Վահդայի» դեմ առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում (4-0):
«Ռոնալդուն հասել է փոխըմբռնման և ներդաշնակության թիմակիցների հետ: Որոշ ժամանակ անց խաղընկերները հասկացան, թե ինչ է ուզում Ռոնալդուն, երբ պորտուգալացին գոլ խփեց։ Կարծում եմ՝ լավ երեկո էր Կրիշտիանուի համար, քանի որ նա պոկեր է ձևակերպել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Arriyadiyah-ը:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ազգային առաջնություններում գոլերի թիվը հասցրել է 503-ի: 311 գոլ Ռոնալդուն խփել է Իսպանիայի Լա լիգայում, 103 գոլ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, 81 գոլ՝ Իտալիայի Ա Սերիայում, երեք գոլ՝ Պորտուգալիայի Պրիմերայում, 5 գոլ՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում:
Նախորդ անգամ Ռոնալդուն պոկերի հեղինակ դարձել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում հաղթել էր Լիտվային (5-1):
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Նասր» և ստորագրել 2,5 տարվա պայմանագիր:
Ռոնալդու. «Հիանալի զգացողություն, հասա 500-րդ գոլին առաջնություններում» (ֆոտո)