Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկով դիմել է Փարիզի ՊՍԺ-ին: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Արաբական ակումբը Ֆրանսիայի հավաքականի ավագի տրանսֆերի համար առաջարկել է ռեկորդային 300 միլիոն եվրո: Ակումբը դեռևս բանակցություններ չի սկսել 24-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ֆրանսիական ակումբում համոզված են, որ Մբապեն պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ: «Արքայական ակումբը» վաղուց է հետաքրքրված ֆրանսիացու ծառայություններով:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:


